ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՀՍԿՎԵՆ
Կրթություն, գիտություն
13:11 01/06/2007

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՀՍԿՎԵՆ

«Անցած ընդունելության քննությունների ընթացքում ՀՅԴ-ն աշխատեց 3 մլն ամերիկյան դոլար: Եվս 2 միլիոն աշխատել է նախագահի վերահսկողական ծառայությունը: Սա մեր գնահատականը չէ, սրանք կուլիսային խոսակցություններ չեն: Այդ գործընթացին ուղղակիորեն մասնակցություն ունեցած մարդկանց գնահատականներն են»,-այսօրվա ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական-ուսանողական միության ատենապետ Նարեկ Գալստյանը:

Միությունը որոշել է այս տարվա ընդունելության քննությունների ընթացքում վերահսկողություն իրականացնել: Դիմորդները կարող են զանգահերել 53-09-66 թեժ գծով և իրենց բողոքների մասին տեղեկացնել միությանը: Ն. Գալստյանի խոսքով, իրենք վարձել են տարբեր առարկաների գծով մասնագետներ, որոնք կստուգեն աշխատանքներիի պատճենահանված տարբերակները և կպարզեն, թե որքանով ճիշտ են հանձնաժողովի անդամները գնահատել աշխատանքը: Միությունը երկու օրը մեկ մամուլի տեղեկատվություն կտրամադրի բողոքների վերաբերյալ, կհրապարակի այն մարդկանց անունները, ովքեր փորձում են քննությունները դարձնել սեփական բիզնես:

Ն. Գալստյանի խոսքով, իրենք կաշառակերության փաստերի առկայության դեպքում դատարան չեն դիմի, քանի որ «այդ ատյանների նկատմամբ վստահություն չկա»: Միության ատենապետի վստահեցմամբ, սա դրամաշնորհային ծրագիր չէ, իրենք էլ մտադիր են ոչ թե «փող ուտել», այլ գոնե քննությունների ժամանակ եղած «կոռուպցիայի մեջ զսպվածություն մտցնել»: Միությունը այլ ՀԿ-ներին կամ պետական համապատասխան մարմիններին համագործակցության կոչ չի արել: Նրանց կարծիքով պետական մարմինները տեղյակ են, թե ինչ է իրականում կատարվում, սակայն արձագանքնելը ոչ միշտ է ձեռնտու, իսկ կազմակերպությունների մեծ մասն էլ փորձում է առաջնորդվել նեղ անձնական շահերով:
Placeholder
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՀՍԿՎԵՆ