ՉՆԱՅԱԾ ԱՐԳԵԼԱՆՔԻՆ, ՎՐԱՍՏԱՆԻՑ ԽՈԶԻ ՄԻՍ ԵՆ ԲԵՐՈՒՄ
Առողջություն
14:20 19/06/2007

ՉՆԱՅԱԾ ԱՐԳԵԼԱՆՔԻՆ, ՎՐԱՍՏԱՆԻՑ ԽՈԶԻ ՄԻՍ ԵՆ ԲԵՐՈՒՄ

Հայ անասնաբույժները բավականին բուռն պայքար են տանում «աֆրիկյան ժանտախտի» դեմ պայքարում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական տեսչության պետ Գիշա ԲԱՂՅԱՆԸ: «Սահմանային կետերում մենք ախտահանումներ ենք կատարում և կենդանի խոզ հայտնաբերելու դեպքում տեղում հետ է ուղարկվում, իսկ խոզի մսից մթերքները տեղում ոչնչացվում են»,- տեղեկացրեց պարոն Բաղյանը:
Հիշեցնենք, որ Վրաստանից Հայաստան, ինչպես նաև Ռուսաստան խոզի միս չի ներկրվում դեռ հունիսի 1-ից: Վրաստանում խոզերի շրջանում տարածված վարակը կոչվում է «աֆրիկյան ժանտախտ», որը հաստատվել է Մեծ Բրիտանիայի լաբորատորիաներից մեկում: Գրիշա Բաղյանը փաստում է, որ Հայաստանում նման վարակ դեռ չի հայտնաբերվել:

Նրա խոսքերով, հունիսի մեկից մինչ այժմ խոզի մսի մեծաքանակ ներկրումներ չեն գրանցվել: Փոխարենը, առանձին դեպքերում արձանագրվել է, որ մարդիկ պայուսակներով խոզի միս բերում են ուղղակի ուտելու համար: Երեկ օրինակ, Այրումի սահմանային կետում անասնաբույժները ուղևորների պայուսակներից մեկում հայտնաբերել են 4 կգ խոզի միս: «Վրաստանից վրացական արտադրության բոլոր տեսակի խոզամթերքն արգելված է»,- մարդկանց հիշեցնում է Բաղյանը և հավելում, որ հայտնաբերված թեկուզ փոքրաքանակ մսաթերքը առգրավվում է և ոչնչացվում: Սակայն Վրաստանում «աֆրիկյան ժանտախտ» կոչվող և խոզերի շրջանում տարածված վարակը շարունակում է գլուխ բարձրացնել: Ըստ լրատվամիջոցների, Վրաստանում շարունակվում է խոզերի սպանդը:











Placeholder
ՉՆԱՅԱԾ ԱՐԳԵԼԱՆՔԻՆ, ՎՐԱՍՏԱՆԻՑ ԽՈԶԻ ՄԻՍ ԵՆ ԲԵՐՈՒՄ