«ԲԻ ԼԱՅՆ»-Ի ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Իրավունք
17:12 21/06/2007

«ԲԻ ԼԱՅՆ»-Ի ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի տարածքում «Բիլայն» ապրանքանիշի օգտագործման հարցով երկկողմանի համաձայնություն ձեռք բերելու նպատակով շարունակում է բանակցություններ վարել «Bi Line» ՍՊԸ հետ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Չուտիլյանը տեղեկացրեց, որ «ԱրմենՏելը» «Բիլայն» ապրանքանիշը գրանցելու համար դեռևս չի դիմել Հայաստանի Առևտրի և տնտեսական զարգացմանը կից գործող մտավոր սեփականության գործակալությանը, քանի որ բանակցային գործընթացը դեռևս չի ավարտվել: Բանակցությունների ընթացքն ու մանրամասները չեն հրապարակվում: Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը խուսափեց պատասխանել հարցին, թե հնարավոր է «ԱրմենՏել»-ի ռեբրենդիգը տեղի ունենա դատական կարգով: «Բանակցություններ են ընթանում, ավելին չեմ կարող ասել»,- ընդգծեց Հասմիկ Չութիլյանը:

Իսկ ինչպես տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտ» թերթը, փորձագետների գնահատականով, «Բիլայն» ապրանքանիշն օգտագործելու իրավունք ստանալու հարցում «Վիմպելկոմ» ընկերության շանսերը ցածր են: «Եթե դատարանը վճռի, որ սպառողի համար Bi Line ապրանքանիշի հնչողությունը հիշեցնում է «Բիլայն»-ին, ապա «Վիմպելկոմը» ստիպված կլինի Bi Line ապրանքանիշի տերերից գնել կամ վարձավճարով վերցնել այն օգտագործելու իրավունքը, կամ էլ հրաժարվել ընկերության ռեբրենդինգի մտքից»,- վստահեցրել է «Проспект» ընկերության իրավախորհրդատու Էլդար Նազմուտդինովը: Stas Marketing Partners կառավարիչ Անդրեյ Ստասի գնահատականով, Bi Line ապրանքանիշի սեփականատերերը կարող են «Վիմպելկոմիից» պահանջել Հայաստանում այդ բրենդի կիրառումից ստացված շահույթի 5-10 տոկոսը: Այդպես Հայաստանի տարածքում «Բիլայն» ապրանքանիշի օգտագործումը «Վիմպելկոմ» ընկերության վրա կարող է նստել տարեկան 4,5-9 մլն դոլար:

Տեղեկացնենք, որ «ԱրմենՏել» ընկերության սեփականատեր «Վիմպելկոմը» դադարեցրել է Հայաստանում իր դուստր ձեռնարկության ռեբրենդինգի գործընթացը, քանի որ չի կարողացել գրանցել «Բիլայն» ապրանքանիշը: Խնդիրն այն է, որ Հայաստանի շուկայում արդեն առկա է Bi Line ՍՊԸ, որը ծառայություններ է մատուցում նույնանուն ապրանքանիշի տակ: Հիշեցնենք, որ դեռևս մարտ ամսին «Վիմպելկոմ» ԲԲԸ ԱՊՀ տարածքում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Սերգեյ Ավդիևը հայտարարել էր, թե «վաղ թե ուշ իրենց ընկերությունը կսկսի Հայաստանի տարածքում «Բիլայն» ապրանքանիշի տակ բջջային կապի ծառայություններ մատուցել»:
Placeholder
«ԲԻ ԼԱՅՆ»-Ի ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է