ԸՍՏ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ` ԱՊԱԳԱՆ ՏՏ–ԻՆՆ Է
Տնտեսություն
18:52 21/06/2007

ԸՍՏ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ` ԱՊԱԳԱՆ ՏՏ–ԻՆՆ Է

Վաղը Երևանում տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում թափուր տեղերի առաջին տոնավաճառը: ԵՊՀ-ում տեղի ունենալիք միջոցառումը երկու նպատակ ունի` աջակցել ընկերություններին, ոլորտի լավագույն շրջանավարտներին գտնելու հարցում, ինչպես նաև օգնել վերջիններիս լավագույն աշխատանքի ընտրության գործում: «Մենք, որպես Հայաստանում դինամիկ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը, մեծ տեղ ենք հատկացնում կադրերին և համարում ենք, որ հենց նրանք են այն ծանրակշիռ գործոններից մեկը, որ նպաստում է մեր ընկերության հետագա զարգացմանը: Հենց այդ պատճառով էլ մեր մասնակցությունը Հայաստանում այս ոլորտի թափուր տեղերի առաջին տոնավաճառին շատ ենք կարևորում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Virage Logic Ընկերության հայկական մասնաճյուղի գլխավոր մենեջեր Վարուժան Մասարաջյանը:

Նրա խոսքով, Virage Logic-ը նպատակ ունի վեր հանել լավագույն թեկնածուներին և նրանց բարձր վարձատրվող աշխատանք առաջարկել, որը կերաշխավորի ընկերության հետագա բարգավաճումը: «Մենք վստահ ենք, որ ՏՏ ընկերությունները Հայաստանում մեծ ապագա ունեն»,- ընգծեց Վ. Մասարաջյանը: Իսկ ահա Virage Logic-ի վաճառքի և մարկետինգի բաժնի պետ Տիգրան Աթոյանը նկատեց, որ ընկերությունը աշխատում է Հայաստանում 1999 թվականից և այդ ընթացքում արդեն հասցրել է հետևողական աճ արձանագրել: Գլխավոր մենեջերի ներկայացմամբ, ընկերության հայկական մասնաճյուղում այսօր աշխատում է մոտ 110 աշխատակից և նրա ղեկավարությունը որոշակի հույսեր է կապում թափուր տեղերի տոնավաճառի հետ` ընկերությունը բարձրակարգ մասնագետներով համալրելու առումով: «Մենք հույս ունենք, որ վաղվա տոնավաճառում կգտնենք ուսանողներ, որոնց կհետաքրքրեն մեր առաջարկները և նրանք կդառնան մեր աշխատակիցները, քանի որ աշխատանքը Virage Logic-ում բավականին հեղինակավոր և ձեռնտու է»,- նշեց Տ. Աթոյանը:

Նկատենք, որ Virage Logic ընկերությունը հիմնվել է 1996-ին ԱՄՆ-ում Ադամ Կապլանյանի և Ալեն Շուբատի կողմից: Արդեն 1998-ին բացվել է առաջին մասնաճյուղը Հնդկաստանում, 1999-ին` Հայաստանում: Virage Logic-ի հիմնական արտադրանքը ոչ մեծ ծավալի հիշողության ծրագրերն են, որոնք օգտագործվում են պրոցեսորների արտադրության մեջ: Ընկերության Հայաստանում արտադրվող արտադրանքը արտահանվում է ԱՄՆ, Եվրոպա և Ճապոնիա: Թափուր տեղերի տոնավաճառը կազմակերպում են հայկական համալսարանները` ԵՊՀ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը: Այդ ԲՈՒՀ-երը պատրաստում են ՏՏ ոլորտի մասնագետներ CASP ծրագրի համար, որը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Ընկերությունները, որոնք նախատեսում են թափուր տեղերի մասին հայտարարել մինչև 2007 թվականի սեպտեմբեր, կկարողանան այս հնարավորությունը օգտագործել լավագույն թեկնածուներին գտնելու համար:
Placeholder
ԸՍՏ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ` ԱՊԱԳԱՆ ՏՏ–ԻՆՆ Է