ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 55 ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՐԵԽԱՆԵՐ ՉԿԱՆ
Կրթություն, գիտություն
16:00 04/07/2007

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 55 ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՐԵԽԱՆԵՐ ՉԿԱՆ

Այս տարի մեդալակիրներ աշակերտների թիվը, նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել է. եթե նախորդ տարի հանրապետությունում գրանցվել էր 93 մեդալակիր, ապա այս տարի նրանց թիվը կազմում է 55: Մեդալակիրներից 9-ը Երևանից են:

Հանրապետությունում մեդալակիրների թվի նման կտրուկ նվազումը կրթության, գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պայմանավորում է նրանով, որ նախ` ընդունելության քննությունների ժամանակ նրանք ոչ մի արտոնություն չունեն և բացի այդ, հայոց լեզվի միասնական քննության ժամանակ մեդալի հավակնորդները զգալիորեն զտվեցին: «Մեդալի հավակնորդները պատրաստ չէին միասնական քննություններին: Նրանք ռեպետիտորների հետ միայն պարապել էին հայոց լեզու և մասնակցելով այդ նոր տիպի քննությանը, պատրաստ չէին տալ նաև գրականության քննություն»,- բացատրեց Նարինե Հովհաննիսյանը:

Նկատենք, որ այս տարի առաջին անգամ անցկացված հայոց լեզվի միասնական քննությունները տեղի ունեցան ա և բ տարբերակով, որոնցում բացի հայոց լեզվին վերաբերող վարժություններից կային նաև գրականությանը վերաբերող հարցեր:

Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը տեղեկացնում է, որ հանրապետության 55 մեդալակիրների թվում պաշտոնատար անձանց երեխաներ չկան: «Ինձ համենայնդեպս նման մարդկանց ազգանուններ չեն հանդիպել, վերևներից ճնշումներ չեն եղել իրենց երեխաներին առաջ տանելու համար», - մեզ հետ զրույցում վստահեցրեց Նարինե Հովհաննիսյանը:
Placeholder
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 55 ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՐԵԽԱՆԵՐ ՉԿԱՆ