ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ` ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՅՈՒՄ
Տնտեսություն
11:09 04/07/2007

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ` ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՅՈՒՄ

Այսօր Սան Ֆրանցիսկոյում կմեկնարկի բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայկական առաջին միջազգային համաժողովը (ArmTech): Այն իր աշխատանքները կշարունակի մինչև հուլիսի 7-ը: Ակնկալվում է, որ համաժողովին մասնակցելու է ավելի քան 500 ընկերություն: Համաժողով-ցուցահանդեսի բացմանը ներկա են լինելու նաև արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը և ներդրողների միջազգային հանրության բարձրաստիճան պաշտոնյաներ: Նշենք, որ սա բարձր տեխնոլոգիաներին նվիրված առաջին միջազգային համաժողով-ցուցահանդեսն է մեր երկրի տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրվող մասնագետների համար: «ArmTech-2007» գործադիր քարտուղարության անդամ Գայանե Մարկոսյանի հաղորդմամբ, միջոցառման շրջանակում ելույթ կունենան նաև Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, կներկայացվեն տեխնիկական և գործարար ուղղվածության տպագիր ու էլեկտրոնային նյութեր, կկազմակերպվեն քննարկումներ, իսկ առաջատար ընկերությունները կներկայացնեն իրենց ապրանքները և ծառայությունները:

Կազմակերպիչների կարծիքով, այս համաժողովը հայկական Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ընկերություններին հնարավորություն կընձեռի իրենց ապրանքներն ու ծառայությունները ցուցադրելու, պոտենցիալ ներդրողներին և բիզնես գործընկերներին հանդիպելու, ինչպես նաև ՏՏ և բարձր տեխնոլոգիաների համաշխարհային համայնքի առանցքային ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու համար: Համաժողովի նպատակն է խթանել Հայաստանի արագորեն զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա աճը, հայ մասնագետներին ընձեռել գործարար կապերի հաստատման, ռեսուրսների ստացման, ինչպես նաև ոլորտում իրենց կողմից կատարված աշխատանքների ներկայացման հնարավորություններ:
Placeholder
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ` ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՅՈՒՄ