ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ԹՈՇԱԿ ԿՍՏԱՆԱՆ, ԵԹԵ… ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ
Կրթություն, գիտություն
14:08 09/07/2007

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ԹՈՇԱԿ ԿՍՏԱՆԱՆ, ԵԹԵ… ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ

Այսօր կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի (ԱԱԿՀ) նախագահ Անուշավան Աբրահամյանը ստորագրեցին նախնական կրթության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Այս փաստաթղթի համաձայն, ԱԱԿՀ-ն նախատեսում է իրականացնել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթօջախների վերականգնման և զարգացման ծրագրեր Հայաստանի 10 մարզերում: Այդ գործունեությունը ներառում է կրթօջախների վերանորոգում, գույքի հավելում, եղածի բարելավում և նոր մասնագիտությունների ներդրում:

Լ. Մկրտչյանը նշեց, որ հուշագրի ստորագրմամբ հիմք կդրվի արդյունավետ համագործակցության, որը կնպաստի Հայաստանի կրթական համակարգի շարունակվող զարգացմանը և մասնավորապես երիտասարդության մասնագիտական պատրաստությանն ու զբաղվածության ապահովմանը: Ա. Աբրահամյանն էլ վստահ էր, որ հուշագիրը Հիմնադրամի և կրթօջաների երկարամյա համագործակցության երաշխիք կդառնա:

Նախարարը նշեց, որ ծրագրերի իրականացման համար հիմնադրամը տրամադրել է 600-700 հազար դոլար: Լ. Մկրտչյանի խոսքով, հիմնադրամի հովանու ներքո գտնվող կրթօջախների համար նախատեսվում են նաև մասնագիտական վերապատրաստման ծրագրեր դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների համար: Իսկ լավագույն ուսանողներին կտրվեն խրախուսական նվերներ, հնարավորության դեպքում` նաև կրթաթոշակներ:
Placeholder
ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ԹՈՇԱԿ ԿՍՏԱՆԱՆ, ԵԹԵ… ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ