212 ՑՈՒՑԱՆՄՈՒՇ` ԼՈՒՎՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Մշակույթ
11:05 11/07/2007

212 ՑՈՒՑԱՆՄՈՒՇ` ԼՈՒՎՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հայաստանի պատմության թանգարանում օգոստոս-հոկտեմբեր ամիսներին կներկայացվի Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Լուվրում (փետրվարի 19-ից մայիսի 29-ը) ներկայացված «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսը: Այս մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Նա հայտնեց, որ արդեն բերվել են բոլոր 212 ցուցանմուշները (այդ թվում` 31 խաչքար): Գ.Գյուրջյանը նշեց, որ Լուվրի տնօրինության հետ կնքված պայմանագրով ցուցադրությունն ամբողջությամբ թեմատիկ առումով և կառուցվածքով պատմության թանգարանում կվերստեղծվի այնպես, ինչպես ցուցադրվել է Լուվրում: Փոխնախարարի խոսքով, ցուցահանդեսը Ֆրանիսայում ունեցել է շատ մեծ արձագանք և միլիոնավոր այցելուներ:

Նշենք, որ ներկայացված էին Մայր աթոռ Սբ Էջմիածնի գանձարանի, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի և Հայաստանի պատմության թանգարանի բացառիկ նմուշները: Այն կազմակերպված էր ժամանակագրական հետևյալ բաժիններով` 4-5-րդ դարեր` «Քրիստոնեության ընդունումն ու հայոց գրերի ստեղծումը», 6-7-րդ դարեր` «Առաջին «Ոսկե դարը» և Հայոց եկեղեցու ինքնիշխանությունը», 8-13-րդ դարեր`«Արաբականից մինչև մոնղոլական արշավանքներ», 13-15-րդ դարեր` «Մեծ Հայք», 15-18-րդ դարեր` «Պարսիկների և օսմանների միջև»:

Փոխնախարար Գ. Գյուրջյանը տեղեկացրեց, որ պատմության թանգարանում կայանալիք ցուցադրությունից հետո բոլոր ցուցանմուշները կվերադարձվեն թանգարաններին, հանրապետության տարբեր բնակավայրերից տարված խաչքարերը` իրենց տեղերը` կրելով ցուցանակ այն մասին, որ ներկայացված են եղել Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում բացված ցուցահանդեսում:
Placeholder
212 ՑՈՒՑԱՆՄՈՒՇ` ԼՈՒՎՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ