«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՉԴԻՄԱՑԱՆ ԲԻԼԻՆԳԻՆ
Տնտեսություն
16:55 13/07/2007

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՉԴԻՄԱՑԱՆ ԲԻԼԻՆԳԻՆ

Երեկ երեկոյան «ԱրմենՏել»-ի բաժանորդների բջջային կապի խափանման պատճառ է դարձել բիլինգի նոր համակարգի փորձակումը: Այս մասին լրագրողներին հայտնեց ընկերության տնօրեն Օլեգ Բլիզնյուկը, ում խոսքով, հին համակարգը չի դիմացել բազմաթիվ զանգերին: Նրա խոսքով, լուրեր էին տարածվել, թե իբր հուլիսի 15-ից հետո հնարավոր չի լինի կանխավճարային համակարգից անցում կատարել պայմանագրայինին, ինչի հետևանքով իրարանցում էր ստեղծվել և ստացվում էին մեծ թվով զանգեր: Նա վստահեցրեց, որ այս ամսի 15-ից հետո ընկերությունը կսկսի փոխել բիլինգը և հույս ունի, որ ամեն ինչ հարթ կընթանա: Նշենք, որ բիլինգը հնարավորություն կտա հստակ հաշվարկել ֆիքսված և բջջային կապի բաժանորդների խոսակցության վարձը: «Մենք պարզապես փոխում ենք հաշվարկային համակարգի որակը»,-ասաց Բլիզնյուկը:

Ընկերության տնօրենը վստահեցրեց, որ բջջային և ֆիքսված կապի բաժանորդները կարող են ստանալ իրենց հեռախոսազանգերի ցանկը: Առաջին դեպքում ցանկը կտրամադրվի բաժանորդի պահանջով, իսկ երկրորդ դեպքում` ըստ հասցեների: Անդրադառնալով նոր ծառայությունների, ինչպես օրինակ GPRS-ի ներմուծմանը, Օ. Բլիզնյուկը հայտնեց, որ այդ հարցում նրանք ետ չեն մնում մյուս բջջային օպերատորից: «Այդ ծառայությունը մենք ներմուծել ենք VivaCell-ի հետ միաժամանակ, ուղղակի նրանք դա հրապարակայնորեն արեցին: Մենք դա փորձարկում էինք, և կարծում ենք, որ GPRS-ին անցումը պետք է արվեր ավտոմատ կարգավորմամբ: «ԱրմենՏել»-ն այդ արել է ոչ ավտոմատ կերպով, ինչի արդյունքում առաջացել է յուրաքանչյուր հեռախոսի անհատական կարգավորման անհրաժեշտություն»:

Նշենք, որ «ԱրմենՏել»-ի համակարգում խափանումներ առաջին անգամ չէ, որ տեղի են ունենում: Հունիսի 18-ին «Կենտրոն» հեռախոսակայանում տեղի էր ունեցել ծրագրային խափանում, որի պատճառով մի շարք ԱՀԿ-ներ անգործության էին մատնվել: Հայաստանի փրկարար ծառայությունը ստիպված էր տարածել հրշեջ և շտապօգնության ծառայությունների կանչերի համար վեցանիշ հեռախոսահամարներ: Այս հրապարակումը պատրաստ էր, երբ ընկերությունից ստացանք հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն. ««ԱրմենՏել» ընկերությունը իրականացնում է բջջային ցանցի բարելավման աշխատանքներ, որի արդյունքում, մոտակա օրերի ընթացքում, հնարավոր է բջջային կապի ծառայությունների որակի որոշակի անկում: Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը»:
Placeholder
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՉԴԻՄԱՑԱՆ ԲԻԼԻՆԳԻՆ