«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
Մշակույթ
12:56 14/07/2007

«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

«Սեպտեմբերի 20-30-ը Երևանում կանցկացվի «Ազգային պատկերասրահ» միջազգային երրորդ երաժշտական փառատոնը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը: Նա նշեց, որ փառատոնը կկայանա յոթ համերգների շրջանակում և կկրի «Վերադարձ» խորագիրը: Մ. Շահինյանի խոսքով, փառատոնին կմասնակցեն Սփյուռքում ստեղծագործող 10 հայ երաժիշտներ. «Վերադարձ» անվանումը խորհրդանշական է, քանի որ փառատոնի շրջանակներում Հայաստանում կհավաքվեն հայազգի երաժիշտներ եվրոպական հինգ երկրից»,- ասաց Մ. Շահինյանը: Պորտուգալիայից Հայաստան կժամանի երաժիշտ Լևոն Մուրադյանը, Բելգիայից` Կարեն Հարությունյանը: Փառատոնին կմասնակցեն նաև երաժիշտներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից:

Մ. Շահինյանի խոսքով, ի տարբերություն նախորդ փառատոնների, որոնք միայն Հայաստանի ազգային պատկերասրահում են կայացել, 3-րդ փառատոնը տեղի կունենա տարբեր համերգային դահլիճներում` «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և այլն: Միջոցառման գեղարվեստական խորհրդի նախագահն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը: Խորհրդի կազմում են կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, խմբավար Արամ Ղարաբեկյանը և այլք:

Փառատոնի այս տարվա առաջին շրջանը տեղի է ունեցել ապրիլի 20-ից հունիսի 20-ը: Հանդես են եկել հանրահայտ իտալական «Պրոմետեո» քառյակը, Բեռլինից հայտնի թավջութակահար Դենիս Ժդանովը, Լոնդոնից հայազգի Ալեքսանդր Չաուշյանը` «Նարեկացի» արվեստի միության կամերային նվագախմբի հետ միասին: Նշենք, որ «Ազգային պատկերասրահ» փառատոնն անցկացվում է 2005-ից: Փառատոնի անցկացմանն աջակցում է մշակույթի և երիրտասարդության հարցերի նախարարությունը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ:
Placeholder
«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ