ՀՀ դատավորի վարքագծի կանոնագիրք. իրականություն, թե՞ ցանկություն
Իրավունք
14:55 26/07/2007

ՀՀ դատավորի վարքագծի կանոնագիրք. իրականություն, թե՞ ցանկություն

ՀՀ դատավորի վարքագծի կանոնագիրքը գործողության մեջ է դրվել 2005 թվականի դեկտեմբերի 5-ից: Մինչ այդ այն հավանության էր արժանացել ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի և հաստատվել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից:
Կանոնագիրքն իր մեջ ներառել է դատավորի վարքագծի կանոններին վերաբերող այնպիսի հիմնարար փաստաթղթերի պահանջներ, ինչպիսիք են 2002 թվականի նոյեմբերին Հաագայում ընդունված Բանգալորյան սկզբունքները, ՙԴատավորի պրոֆեսիոնալ վարքագծի, մասնավորապես` էթիկայի նորմերի, դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի վարքագծի և անաչառության սկզբունքների մասին՚ Եվրոպական դատավորների կոնսուլտատիվ խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 19-ի եզրակացությունը և խնդրո առարկայի վերաբերյալ միջազգային այլ երաշխավորություններ ու մոտեցումներ:

Կանոնագրքի գործողության արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտություն առաջացավ մշակել համապատասխան մեկնաբանություններ, որոնք նպատակ են հետապնդում օգնել դատավորներին կոնկրետ իրավիճակներում դրսևորել պատշաճ վարքագիծ, բարձր պահել դատավորի կոչումը:

Մեկնաբանությունների հիմքում դրված է այն հիմնարար մոտեցումը, որ հասարակության վերաբերմունքը դատարանների որոշումների նկատմամբ մեծապես պայմանավորված է դատավորների անկախության և ազնվության հանդեպ հասարակության կողմից ցուցաբերված վստահությունից, իսկ դատավորի անկախությունն ու ազնվությունն իրենց հերթին կախված են դատավորի անկախ և անկողմնակալ գործելակերպից:

Ակնհայտ է, որ դատավորի ոչ պատշաճ վարքագծի արդյունքում խարխլվում է դատարանի նկատմամբ հանրության վստահությունը:

Մեկնաբանությունները պահանջում են, որ դատավորը պատշաճ վարքագիծ դրսևորի ինչպես մասնագիտական գործունեության ընթացքում, այնպես էլ դրանից դուրս:

Հուսով ենք, որ կանոնագրքի մեկնաբանությունները մեծապես կնպաստեն դատավորի անկախության և անաչառության իրական ապահովմանը, պատասխանատվության բարձրացմանը, ինչպես նաև դատարանի և դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ
Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Placeholder
ՀՀ դատավորի վարքագծի կանոնագիրք. իրականություն, թե՞ ցանկություն