ԵՊՀ-Ի ԵՎՍ ՄԵԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. Հայտերն ընդունվում են օգոստոսի 25-ից
Կրթություն, գիտություն
14:29 18/08/2007

ԵՊՀ-Ի ԵՎՍ ՄԵԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. Հայտերն ընդունվում են օգոստոսի 25-ից

Համաձայն ՀՀ ԿԳ նախարարության «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոնների», այս տարի ԵՊՀ-ում կազմակերպվում է բակալավրի ծրագրով հեռակա ուսուցման ընդունելություն: Հեռակա ուսուցումն անցկացվելու է հինգ տարի տևողությամբ ու վճարովի հիմունքներով:

Ըստ ԵՊՀ գիտխորհուրդի 2007 թվականի փետրվարի 6-ի որոշման, 2007/2008 ուսումնական տարում հեռակա ուսուցմամբ ընդունելությունը կկազմակերպվի մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, երկրաբանության, կենսաբանության, աշխարհագրության, պատմության, միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, սոցիոլոգիայի, հայ բանասիրության, ռուս բանասիրության, լրագրության, ռոմանագերմանական բանասիրության, իրավագիտության և աստվածաբանության ֆակուլտետներում:

Մինչհամալսարանական կրթության կենտրոնի տնօրեն Վաչագան Գալստյանը Panaorma.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց. «ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված կանոնների համաձայն, կազմվում է քննական հանձնաժողով: Հայտերն ընդունվում են օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում, իսկ հոկտեմբերի 1-25-ը կանցկացվեն քննությունները»:

Վ.Գալստյանն ավելացրեց, որ հեռակա ուսուցման համար հատկացված է 930 տեղ` 28 մասնագիտությունների գծով:

Ի դեպ, այն դիմորդները, ովքեր դուրս են մնացել պետական բուհերի ընդունելության մրցույթից, հեռակա ուսուցման դիմելու դեպքում կարող են պահպանել ընդունելության կենտրոնացված քննությունների միավորները:
Placeholder
ԵՊՀ-Ի ԵՎՍ ՄԵԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. Հայտերն ընդունվում են օգոստոսի 25-ից