ՉԻՆԱՑԻՆԵՐԸ «ԱՆՈՒՇ» ԵՆ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ
Կրթություն, գիտություն
14:40 20/08/2007

ՉԻՆԱՑԻՆԵՐԸ «ԱՆՈՒՇ» ԵՆ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ

Պեկինի պետական համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի սանսկրիտի բաժնում արդեն մեկ տարի է, ինչ հայոց լեզվի փորձնական դասեր են անկացվում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինաստանում օտարերկրյա փորձագետ, Պեկինի համալսարանի հայոց լեզվի դասախոս Վահագն Վարդանյանը: Նրա խոսքով, դասընթացում ընդգրկված են եղել երեք չինացի ուսանող, ովքեր երկու կիսամյակ ուսումնասիրել են հայոց լեզու և գրականություն առարկաները:

Վ. Վարդանյանի խոսքով, դասընթացների համար օգտագործվել են ինչպես այստեղ տպագրված գրքեր այնպես էլ ինտերնետային ձեռնարկներ: «Նրանք արդեն կարողանում են գրել և կարդալ: Խոսակցականը փոքր-ինչ կաղում է, սակայն դա պայմանավորված է լեզվական միջավայրի հետ»,- նշում է օտարերկրյա փորձագետը:

Վերջին քննությանը նրանց հարցաշարերում ընդգրկված են եղել այնպիսի հարցեր, ինչպես Թումանյանի «Անուշ» պոեմի վերլուծությունը և պոեզիան:

«Նրանցից շատերը ուղղակի տեղյակ չէին Հայաստանի մասին: Դա գլխավոր պատճառներից մեկն է, որ դասընթացում քիչ թվով երեխաներ են ընդգրկված»,- նշում է նա:

Վ. Վարդանյանի խոսքով, որպեսզի հայոց լեզու առարկան մտնի հիմնական դասընթացի մեջ, հարկավոր է պետական աջակցություն: «Չինաստանում Հայաստանի դեսպանություն կա: Նրանք պետք է պայմանավորվեն համալսարանի հետ: Միանձնյա իրականացնել այդ գործընթացը` գրեթե անհնար է»:

Իսկ առայժմ ուսանողներից մեկն սկսել է միջնադարյան ձեռագրեր ուսումնասիրել: «Նա ուսանողը մեծ հետաքրքրություն է ունի հայոց լեզվի նկատմամբ, ուսումնասիրում է գրաբարը»,-ասում է Վ. Վարդանյանը: Նրա հավաստմամբ, հիշյալ ուսանողի նախաձեռնությամբ հենց համալսարանը առաջարկեց բացել փորձնական դասընթացները:

Հատկանշական է, որ թեև չին ուսանողները մասնագիտությամբ լեզվաբաններ չեն, սակայն, ինչպես ընդգծեց դասախոսը, կրթությունը հայագիտության ուղղությամբ շարունակելու ցանկացող արդեն կա:

Placeholder
ՉԻՆԱՑԻՆԵՐԸ «ԱՆՈՒՇ» ԵՆ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ