ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ ՉԻ ԳՆԱ
Իրավունք
13:34 21/08/2007

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ ՉԻ ԳՆԱ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայաստանցի դատավոր Ալվինա ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ լիազորություններն ավարտվելու են այս տարվա հոկտեմբերին: Եվ այժմ Հայաստանի իշխանությունները պետք է դատավորի երեք թեկնածու ներկայացնի, որոնց թեկնածությունները կքննարկվեն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Այստեղ կընտրվեն  յուրաքանչյուր երկրից ներկայացված մեկական դատավոր:

Օրերս մամուլում լուր էր տարածվել, թե Եվրոպական դատարան Ալվինա Գյուլումյանի փոխարեն հարցազրույցի է մեկնելու Հայաստանի թեկնածուներից մեկը` արդարադատության փոխնախարար Գևորգ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ: Վերջինս Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց այդ լուրերը և հարցին, թե իրեն հավանական թեկնածու համարո՞ւմ է, պատասխանեց. «Ոչ` հաշվի առնելով պրակտիկայում Ալվինա Գյուլումյանի հեղինակությունն ու պատրաստվածությունը: Եվ հետո` նա  կոպիտ խախտումներ թույլ չի տվել. արժե, որ շարունակի պաշտոնավարել»:

Արդարադատության փոխնախարարի համոզմամբ, Եվրոպական դատարանում Հայաստանի իշխանությունների կողմից ներկայացված դատավորը ամբողջությամբ անաչառ է ու օբյեկտիվ: «Հայաստանի վերաբերյալ որոշումներն ու վճիռները կայացվել են պալատի բացարձակ մեծամասնությամբ. Հայաստանի կողմից ընտրված դատավորը Հայաստանի դեմ որոշումներին միշտ կողմ է քվեարկել և դրանով ցույց է տվել իր անաչառ վերաբերմունքը»,- հավելեց պարոն Կոստանյանը:

Նկատենք, որ գործող կոնվենցիայի շրջանակներում Հայաստանից, ինչպես նաև մյուս երկրներից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավորը աշխատում է 6 տարի: Սակայն թիվ 14 արձանագրության վավերացմամբ նախատեսվում է տվյալ երկրի դատավորի ներկայությունը Եվրոպական դատարանում երկարաձգել ևս 3 տարով` հասցնելով 9-ի: Հայաստանը վավերացրել է թիվ 14 արձանագրությունը: Ռուսաստանը միակ պետությունն է, որ չի վավերացրել այն: Այդ երկրի վավերացումից հետո թիվ 14 արձանագրությունը կմտնի ուժի մեջ:
Placeholder
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ ՉԻ ԳՆԱ