ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ` ԱՐՀԵՍՏԻ ԹՇՆԱՄԻ
Մշակույթ
15:21 27/08/2007

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ` ԱՐՀԵՍՏԻ ԹՇՆԱՄԻ

«Ժամանակի տեխնիկական առաջընթացը, ամեն ինչում շուկայական հարաբերություններն ու մրցակցությունը «թույլ են տալիս», որ վերանան մեր ժողովրդին բնորոշ ու դարերի ընթացքում նրա հետ զուգահեռաբար զարգացող արհեստները: Հիմա վերացել են այնպիսի արհեստներ, ինչպիսին կաշեգործությունն է, բնական ներկերով ներկարարությունն ու ձիերի թամբ պատրաստելը: Այս ամենը լուրջ վերաբերմունք է պահանջում»,- ասում է Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի փոխտնօրեն Ադա Մանուկյանը:

Ա. Մանուկյանը Panorama.am-ի հետ զրույցի ժամանակ հիշեց հին հայկական ասացվածքներից մեկը. «Արհեստավորը միայն օրվա առաջին կեսին է սոված մնում», և ավելացրեց, որ «արհեստը օրհացի վաստակ է, սակայն միայն նվիրյալների շնորհիվ կարող է ապրել»:

Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանն այսօր փորձում է պահպանել ազգայինը: Թանգարանը նպատակ ունի «նկատել ու առաջ տանել» տաղանդավոր արհեստավորներին, հնարավորություն տալ թանգարանում ներկայացնել իրենց աշխատանքները:

«Երևանում այսօր, այնքան էլ հեշտ չէ զբաղվել որևէ արհեստով, իսկ եթե խոսենք գյուղերի մասին, պետք է նշեմ, որ հիմնականում այնտեղ են պահպանվում արհեստները»,- նշում է թանգարանի տնօրենը:

Նրա խոսքերով, տարբեր խմբակներ են գործում Նոյեմբերյանում, Իջևանում, Ալավերդիում, Քանաքեռավանում, Սևանում, Վեդիում, Արարատում, Սիսիանում ու Հայաստանի այլ քաղաքներում ու գյուղերում: Ա. Մանուկյանը նշում է, իրենք աշխատում են Հայաստանի քաղաքների ու գյուղերի 200 վարպետների հետ:

Այս համագործակցությամբ Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանը հույս ունի պահպանել դեռևս գործող ազգային արհեստների տեսակները:
Placeholder
ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ` ԱՐՀԵՍՏԻ ԹՇՆԱՄԻ