ԼՔՎԱԾ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ. ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՆԵ ՈՐՊԵՍ ՇԱՀԱՎԵՏ ԲԻԶՆԵՍ ԳՆԱՀԱՏԵՔ
Կրթություն, գիտություն
15:05 28/08/2007

ԼՔՎԱԾ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ. ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՆԵ ՈՐՊԵՍ ՇԱՀԱՎԵՏ ԲԻԶՆԵՍ ԳՆԱՀԱՏԵՔ

«Հայաստանի տնտեսական մակարդակը ունեցող ոչ մի երկիր այսպիսի աստղագիտական մակարդակ չունի, սակայն այս գիտական ուղղությունը անտեսված է պետության կողմից»,- ասօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Նրա խոսքով, մեր աստղադիտարանը ամենախոշոր է տարածաշրջանում: «Մենք ունենք հսկայական ավանդ այս գիտության մեջ, ունենք զարգացած ինֆրահամակարգ, բարձրակարգ մասնագետներ, սակայն գիտությունը բարձիթողի վիճակում է»,- նշեց տնօրենը:

Հ. Հարությունյանի հավաստմամբ, աստղագիտության զարգացման համար մեծ գումարներ պետք չեն: «Հասարակ բան. Հայաստանի աստղագիտական ընկերությունը մտնում է Եվրոպական աստղագիտական ընկերության մեջ, որտեղ նախատեսվում է անդամավճար` տարեկան 2500 դոլարի չափ: Մեզ այս տասնհինգ տարիների ընթացքում մեկ անգամ է միայն հաջողվել վճարել այդ գումարը: Սա գումարի բացակայություն չէ, այլ վերաբերմունքի բացակայություն»:

Նրա հավաստմամբ, Եվրոպական աստղագիտական կազմակերպությունը նամակով իր զարմանքն է հայտնել, թե ինչպես է, որ Հայաստանը ամեն տարի գրանցում է տնտեսության երկնիշ աճ, սակայն…«Դուրս է գալիս կամ մենք ենք խաբում և չենք վճարում, կամ պետությունը»,- նամակից և ընդհանրապես եզրակացրեց Հարությունյանը:

Հ. Հարությունյանը նշեց, որ մեր հարևան երկրները դուրս են հանվել հիշյալ ընկերությունից` անդամավճարը չմուծելու պատճառով: «Արտասահմանում այնքան բարձր են գնահատում մեր աստղագետների մակարդակը, որ չեն հեռացնում մեզ միջազգային գիտական կառույցից»,- շեշտեց աստղադիտարանի տնօրենը:

Վերջինիս հավաստմամբ, երբ արտասահմանյան գիտնականները այցելում են Բյուրականի աստղադիտարան նրանց զարմացնում է այդ կառույցի լքված վիճակը: «Մեզ որոշ հարցերում օգնում են արտասահմանյան մի շարք երկրներ: Բայց պետք է հասկանալ, որ սա պետական հոգածության առարկա է և չի կարելի հույսը դնել միայն արտասահմանյան ֆոնդերի վրա»:

Հ. Հարությունյանը պետության գիտությամբ չհոգածության ակնառու ապագա նկարագրեց. «շատ շուտով մենք կկորցնենք լավագույն մասնագետների, քանի որ երիտասարդ գիտնականները գնում են արտասահման և հսկայական գումարներ են ստանում»:

«Պետությունը պետք է նաև գիտակցի, որ այսօրվա դրած մեկ միլոն դոլարը վաղը դառնալու է 10 միլիոն: Սա եզակի հնարավորություն է, որը բիզնեսի ոչ մի այլ ճյուղ չի կարող ապահովել, իսկ մենք դա թեկուզ այդ պրիզմայով չենք օգտագործում»,- եզրափակեց տնօրենը:
Placeholder
ԼՔՎԱԾ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ. ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՆԵ ՈՐՊԵՍ ՇԱՀԱՎԵՏ ԲԻԶՆԵՍ ԳՆԱՀԱՏԵՔ