ԹԱՆԳԱՐԱՆ ՉԱՅՑԵԼԵԼՆ ԱՐԺԵ 500 ԴՐԱՄ
Մշակույթ
14:46 28/08/2007

ԹԱՆԳԱՐԱՆ ՉԱՅՑԵԼԵԼՆ ԱՐԺԵ 500 ԴՐԱՄ

Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանն իր ստեղծման օրվանից առաջին անգամ հիմնովին վերանորոգվել է երկու տարի առաջ` «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ: «Ասել, թե Հայաստանում թանգարանների ոչ բարվոք վիճակի համար պետությունն է միայն մեղավոր, սխալ կլինի, բայց չպետք է թաքցնել, որ նա էլ իր դերն ունի թանգարանների գործունեության, նրանց պահպանման հարցում»,- ասում է Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի փոխտնօրեն Ադա Մանուկյանը:

Բայց այսօր թանգարանի տնօրինությունը չի ցանկանում անդրադառնալ, իրենց իսկ խոսքերով, ծեծված թեմային: Նրանց անհանգստացնում է մեկ այլ, ոչ պակաս կարևոր խնդիր: Թանգարանն ունի այցելուների պակաս: Թանգարանի փոխտնօրենը նշում է. «Ցավալի է, որ այսօր մեր հասարակությունը ժամանակ, գուցե նաև ցանկություն չունի այցելել թանգարաններ: Եթե չլինեն օտարերկրացիները, թանգարանը կմնան առանց այցելուի»: Այնուամենայնիվ, Ա.Մանուկյանը կարծում է, որ ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաները խանգարում են երիտասարդներին շփվել հոգևոր արվեստների հետ: Նա նաև գտնում է, որ խնդիրն այստեղ միայն դրանով չի սահմանափակվում. մեր համաքաղաքացիները չեն հետաքրքրվում մեր մշակութային արժեքներով: Այս պարագայում, նա այլ տեղ էլ է տեսնում խնդրի պատասխանը. «Ես կարծում եմ, որ սխալ կլինի ասել, թե մենք մշակույթ չսիրող, կամ այն չգնահատող ազգ ենք, պարզապես թանգարան այցելելու համար հիմա հարկավոր է վճարել, երևի դա էլ հենց պատճառներից մեկն է. չէ՞ որ, երբ այն արվճար էր, բավականին շատ այցելուներ էին լինում »,-մտահոգվում է տիկին Մանուկյանը:

Ի դեպ, հարկ է նշել, որ այսօր Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան մուտքն արժե 500 դրամ:
Placeholder
ԹԱՆԳԱՐԱՆ ՉԱՅՑԵԼԵԼՆ ԱՐԺԵ 500 ԴՐԱՄ