ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿ. ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ  ՀԵՏ
Կրթություն, գիտություն
11:44 01/09/2007

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿ. ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Շփոթված դեմքեր, անորոշ հայացքներ, անհայտությունից վախեցած աչքեր… Այսօր գիտության օրն է: Այն, իհարկե, կարևոր է բոլորի համար, բայց ամենագլխավոր իրադարձությունը առաջին դասարանցիների կյանքում է լինում: Հանրապետության բոլոր դպրոցներում այսօր տեղի ունեցավ առաջին դասարանցիների «բարի գալստյան» արարողությունը: Դպրոցի ավանդական պարագաներին` պայուսակ գրենական պիտույքներ, ծաղիկներ, ավելացել էին բջջային հեռախոսները:

Panorama.am-ի թղթակիցն այսօր հատուկ շրջեց մի քանի դպրոցներում` «տեղերում» ծանոթանալու գիտությանը դեմ առ դեմ հանդիպած երեխաների պատկերացումներին: Առաջին դասարանցիներից շատերը կիսվեցին իրենց սպասելիքներով: Նրանցից մեկն ասաց, որ եկել է հաշվել սովորելու, մյուսը` կարդալ ու գրել, մի տղա էլ պատրաստվել էր. . . խաղալ:

Մեր աչքից չվրիպեց նաև մեկի լացը, որ չէր ուզում թողնել ծնողներին: Նրա քույրիկը համոզում էր դպրոց գնալու անհրաժեշտության մասին հետևյալ խոսքերով. «Եթե դպրոց չգնաս հիմա, հետո փող չես կարող աշխատել»: Ինչպես պարզվեց, դա այնքան էլ համոզիչ չթված մանչուկին` նա շարունակում էր աղիողորմ արցունքներ թափել…

Եթե երեխաներին կարելի էր նկարագրել որպես «շփոթված», ապա ծնողները հիմնականում «խառն» էին. Մի մասը տեսախցիկներով հավիտենակացնում էր իրենց երեխայի առաջին քայլերը դպրոց, մյուսները արագ ուղղում էին բալիկի մազերն ու շորերը:

Զանգ: Վերջապես եկավ դպրոց մտնելու պահը: Տասներորդցիները ուղեկցեցին դեպի դասասենյակ, երեխաները տեղավորվեցին դասասեղանների առաջ: Դպրոցում առաջին օրը սկսվեց… շարունակությունը հաջորդիվ:
Placeholder
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿ. ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ