ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ. ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԴԻՄԵԼ ՔՉԵՐԸ
Կրթություն, գիտություն
16:54 03/09/2007

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ. ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԴԻՄԵԼ ՔՉԵՐԸ

Երևանի պետական համալսարանի հեռակա ուսուցման համակարգում ընդհանուր թվով 930 տեղ է հատկացվել: Սեպտեմբերի մեկի դրությամբ ներկայացվել է ընդամենը 138 հայտադիմում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը: Նրա խոսքով, մինչ օրս ամենաշատ դիմում հայտեր ստացել են անգլերեն լեզու մասնագիտությունից` 60 տեղի համար` 23 դիմում, հայոց լեզու և գրականություն 40 տեղի համար` 10 դիմում, նույնքան դիմում են ստացել նաև միջազգային հարաբերություններ ֆակուլտետ ընդունվելու համար:

«Ընդհանրապես դիմում չի եղել մաթեմատիկայի և սոցիալական աշխատանք մասնագիտությունների գծով: Տնտեսագիտական հինգ մասնագիտություններից յուրաքանչյուրից 40 տեղ ստացել ենք ընդամենը` տասներկու դիմում»,- նկատեղ Վ. Գալստյանը:

Նրա խոսքով, հեռական ուսուցման համակարգի մեջ են ընդգրկված 28 մասնագիտություն և 16 ֆակուլտետ: Դիմում կարող են ներկայացնել բոլոր անձինք:

«Այն դիմորդները որոնք կենտրոնացված քննություններին բավարար միավորներ չեն հավաքել, կարող են նորից դիմել և քննությունները հանձնել` պահպանելով դրական միավորները, որ ստացել են կենտրոնացված քննությունների ժամանակ»,- նշեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը: Վ. Գալստյանի հավաստմամբ, դասընթացը տարվելու է նույն դասախոսներրի կողմից ուսումնական նույն ծրագրով: «Շատերը մտավախություն ունեն, թե նրանց ուրիշ դիպլոմ կամ ուրիշ ծրագիր են մատուցել: Ասեմ, որ բոլորի համար նույն` բակալավրի դիպլոմն է շնորհվելու»:

Նշենք, որ ուսուցման տևողությունը հինգ տարի է, գործում է միայն վճարովի համակարգում: «Արտոնություններ կան զորացրվածների համար, որոնք հաշմանդամ են դարձել ծառայության ընթացքում, ինչպես նաև արտոնություն կա զոհված ազատամարտիկների համար: Այս դեպքերում նրանք սովորում են պետպատվերով»,- ընդգծեց Վ. Գալստյանը:

Հիշեցնենք նաև, որ դիմում հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 20-ը, քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 1-ից 12-ը:
Placeholder
ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ. ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԴԻՄԵԼ ՔՉԵՐԸ