Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ամերիկյան համալսարանի ռեկտոր Հարություն Արմենյանը երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց, որ համալսարանը մինչև տասնութերորդ դարի ամբողջ հայ գրականությունը թվայնացրել է, իսկ առաջիկայում պատրաստվում է տասնութից քսաներորդ դարերի արևմտահայ գրականությունը նույնպես թվայնացնել:
Գնահատելով ամբողջ այս տիտանական աշխատանքը, այնուամենայնիվ մի շարք հարցեր են ծագում: Օրինակ` ինչպես է օգտագործվելու այս գանձարանը, ում են պատկանում դրանք, ումն են դրանց, այդ թվում նաև` թվայնացվածի իրավունքները, և արդյո՞ք հայ գրականության ամբողջ «ծավալի» թվայնացումն ու դրա պահումը, կամ ցանկացած ձևով օգտագործումը, հեղինակային իրավունքի խախտում չէ:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Հայ հեղինակային իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանն օրինակ նշեց, որ տվյալ դեպքում չի խախտվում հեղինակային իրավունքը, այլ խախտվում է սեփականատիրոջ իրավունքը. «Մինչև տասնութերորդ դարի գրականության դեպքը այլ է. այս դեպքում հեղինակային իրավունքի խախտում չկա, եթե տվյալ անձը կամ կազմակերպությունը անվանափոխություն կամ այլ բովանդակային փոփոխություններ չի անում: Բայց դրանց տարածումը, օրինակ համացանցի միջոցով` խախտում է»:
Ս. Ներսիսյանի խոսքով, ժամանակակից գրականության դեպքում, հեղինակի ժառանգները յոթանասուն տարվա ժամկետում պետք է ցանկացած օգտագործման դեպքում տեղեկացվեն և թույլատվություն տրամադրեն:
«Հեղինակային իրավունքից օգտվում է հեղինակը` իր ամբողջ կյանքի ընթացքում, իսկ նրա մահից հետո, յոթանասուն տարվա ընթացքում, նույն իրավունքից օգտվում է նաև նրա ժառանգը»,- նշեց Ս. Ներսիսյանը:
Ահռելի քանակի նյութերի թվայնացման և դրանց օգտագործման հետ կապված փորձեցինք նաև խոսել Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի հետ: Մատենադարանից մեզ տեղեկացրին, որ տնօրեն հարցազրույց չի տալու` մինչ իր պաշտոնավարման հարյուր օրը չլրանա: Հիշեցնենք, որ Հ. Թամրազյանը Մատենադարանի տնօրենի պաշտոնում ընտրվեց այս տարվա հուլիսի 17-ին, և այսօր լրանում է քառասունիններորդ օրը միայն...:
ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հեր կապերի վարչությունից մեր հարցադրմանը, թե արդյո՞ք Ամերիկյան համալսարանը պետության հետ որևէ պայմանագիր ունի իր նման` «հայանվեր գործունեության» համար, Գայանե Դուրգարյանը պատասխանեց, որ հանգամանալից կուսումնասիրեն և մեր հարցին կպատասխանեն վաղը: