Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԶՐԿՎԱԾ ԵՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԳՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Լոռու մարզի ավելի քան 50, Արագածոտնի 63, Արմավիրի 14, ինչպես նաև մի քանի այլ համայնքներ չունեն մանկապարտեզներ: Սա ԿԳՆ նախադպրոցական բաժնի պետ Հասմիկ Միտոյանի տվյալներն են: Նրա խոսքով, ԽՍՀՄ փլուզումից հետո մեր հանրապետությունում մանկապարտեզների թիվը կտրուկ նվազել է` 1200 մանկապարտեզից մնացել է 800-ը: Դրանց մի մասն էլ չի գործում, սրան զուգահեռ ստեղծվել է 30 ոչ պետական նախակրթարան, ևս մի քանիսը կառուցվել է աղետի գոտում:
Մանկապարտեզների թվի կրճատումն ու այժմյան վատ վիճակը ԿԳՆ ներկայացուցչի խոսքով պայմանավորված է 1996 թվականին դրանք տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնելով, երբ չկային համապատասխան իրավական նորմեր, իսկ համայնքապետերը դրանք տնօրինում էին իրենց ցանկացած ձևով: Այժմ արդեն իրավական նորմերը մշակված և ընդունված են, որոնցով կարգավորվում է նաև այդ հաստատությունների ինքնալուծարման հարցը: Ներկայում մանկապարտեզների զարգացման և երեխանների ընդգրկվածության ցուցանիշի մեծացման համար ԿԳՆ-ը միձազգային կազմակերպությունների հետ մի քանի փորձարարական ծրագրեր է իրականացնում:
Հ. Միտոյանի խոսքով, այսօր դպրոց ընդունված առաջին դասարանցիների 50 տոկոսը հաճախել է մանկապարտեզ: Նրա գնահատմամբ, դա բավականին բարձր ցուցանիշ է, որ սակայն ապահովվում է մայրաքաղաքում ապրողների շնորհիվ: