ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
Կրթություն, գիտություն
13:00 12/09/2007

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

Առաջիկայում կրթության պետական տեսչությունը հնարավոր է ստուգումներ իրականացնի մի քանի դպրոցներում` ավարտական քննությունների ընթացքում տնօրենների և այլոց կողմից իրականացված չարաշահումները բացահայտելու նպատակով: Գիտելիքի գնահատաման և թեստավորման կենտրոնի կանոնակարգային մշակումների և կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանը օրերս Ծաղկաձորում APRA–ի և UNICEF-ի կազմակերպած «Կրթական բարեփոխումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց, որ ավարտական քննությունների արդյունքները կասկածի տեղիք են տալիս: Նրա խոսքով, եղել են դեպքեր, երբ աշակերտը ավարտական քննությունից «անբավարար» է ստացել, իսկ վերաքննության ժամանակ` «գերազանց»: Կ. Նասիբյանի խոսքով, տնօրենների մոտ 5 տոկոսը քննությունների ժամանակ թույլ է տվել խախտումներ և չարաշահումներ:

Մեր թղթակցի հետ զրույցում կենտրոնի տնօրենի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը հայտնեց, որ ավարտական քննությունների արդյունքների վերաբերյալ վերջնական հաշվետվություն դեռ չի ներկայացվել կրթության և գիտության նախարարին: Սակայն ներկայացնելուց հետո հավանական է, որ նախարարը տեսչությանը կհանձնարարի ստուգումներ իրականացնել կասկածելի արդյունքներ ունեցող դպրոցներում:

Ի դեպ, ապագա դիմորդներին Կ. Նասիբյանը խորհուրդ տվեց անգիր չանել այս տարվա քննական տարբերակներում ընդգրկված հարցերի պատասխանները, քանի որ «դրանք փոխվելու են և' թվով, և' բովանդակությամբ, և' կառուցվածքով»: Նշենք, որ մասնավոր հանդիպումներում կենտրոնի ներկայացուցիչները ԿԳՆ-ին առաջարկել են, որ ապագայում բուհ ընդունվողները հայոց լեզվից հանձնեն միասնական քննություն, որի գնահատկանը լինի ոչ մրցութային: Առաջարկի վերաբերյալ առայժմ լուրջ քննարկումներ չեն եղել:

Placeholder
ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ