«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Մշակույթ
14:08 24/09/2007

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Լեռնային Ղարաբաղում երեկ մեկնարկել է «Ոսկե ծիրանը Շուշիում» կինոփառատոնը: Այն կազմակերպել են «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնն ու «Շուշիի վերածնունդ» հիմնադրամը: Այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը, դրանից հետո կինոյի սիրահարները յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին հնարավորություն կունենան ծանոթանալ տարբեր երկրների կինոմատոգրաֆիստների աշխատանքներին:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն ասաց. «Մենք ծրագրում ենք փառատոններ անցկացնել նաև Ջավախքում ու Հայաստանի տարբեր մարզերում: Այս անգամ Շուշիի հերթն էր»: Նրա հավաստմամբ կազմակերպիչները մտադիր են փառատոնը Շուշիում դարձնել ավանդական, ինչն էլ թույլ կտա ակտիվացնել քաղաքի մշակութային կյանքն ու խթանել երկրի տարբեր շրջաններում կինոյի տարածմանը:
Փառատոնին մասնակցում են Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և այլ երկրների կինոմատոգրաֆիստներ: Ֆիլմերի ցուցադրումը կկայանա Շուշիի «Երևան» կինոթատրոնում:

Հիշեցնենք, որ այս տարի «Ոսկե ծիրան» երևանյան 4-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 9-ին: Մասնակցության համար այս տարի ներկայացվել էր 320 հայտ` 53 երկրներից:
Placeholder
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆՆԵՐԸ