ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՄԻԱՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ»
Քաղաքական
13:50 28/09/2007

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՄԻԱՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ»

Այսօր «Մետրոպոլ» հյուրանոցում Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) 2007-08 ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողության ժամանակ, հանդես գալով ողջույնի խոսքով, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մասնավորապես նշեց. «Ես իսկապես հավատում եմ եվրոպական արժեքներին. մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, իրավական պետություն և այլն: Միայն երիտասարդներն են, որ կարող են հաղթահարել կարծրացած քաղաքական ստերեոտիպները, նրանք են, որ կարող են բերել նոր քաղաքական մշակույթ , կամ քաղաքական բանավեճի նոր հարթակներ»: Նա նշեց, որ հասարակությունը ՔԴԵԴ-ից սպասում է «նոր մտածելակերպով, կառավարման ունակություններով օժտված քաղաքական բանավեճի ընդունակ, ներկայով ու ապագայով ապրող երիտասարդ քաղաքական գործիչների» և վստահություն հայտնեց, որ այս դպրոցի փորձը նման հնարավորություն տալիս է:

Արարողությանը ներկա էին և հանդես եկան նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին և Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան: Վերջինս իր խոսքում նշեց, որ ներկայումս ԵԽ քաղաքական դասընթացներում ընդգրկված են 15 դպրոցներ, որոնցից մեկը ներկայացնում է Կոսովոն, որը ԵԽ անդամ չէ: Ուրումովայի ներկայացմամբ հայկական դպրոցն այդ շարքում իր արժանի տեղն է գրավում և կարողանում է պատվով ներկայանալ Ստրասբուրգում ամեն տարի կազմակերպվող քաղաքական սեմինարներին:

Նշենք, որ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո, 2005 թվականին:
Placeholder
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՄԻԱՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ»