ԵՐԿՈՒ ՀԱՅ ԿԻՆ ԳԻՏՆԱԿԱՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
Կրթություն, գիտություն
16:29 05/10/2007

ԵՐԿՈՒ ՀԱՅ ԿԻՆ ԳԻՏՆԱԿԱՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

«Անկարայում անցկացվող «Իկանաս-38» գիտաժողովում ադրբեջանական պատվիրակությունն ամեն ինչ անում էր խանգարելու հայկական պատվիրակությանը, իրենց ելույթներում պահը չէին կորցնում հայհոյելու հայ ժողովրդին, մեր Սփյուռքին»,-այսօրվա ասուլիսում ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար մասնագետ Հասմիկ Ստեփանյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 10-15-ը Անկարայում անցկացվել է «Իկանաս-38» ասիական և հյուսիսաֆրիկյան ուսումնասիրությունների միջազգային կոնգրեսը, որին մասնակցել են 1200 օտարերկրյա և 500 թուրք գիտնականներ: Հայաստանից կոնգրեսի աշխատանքներին մասնակցել են երաժշտագիտության դոկտոր, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանը և Հասմիկ Ստեփանյան: Լ. Երնջակյանը հանդես է եկել արևելյան երաժշտության մասին զեկույցով, իսկ Հ. Ստեփանյանը ներկայացրել է «Հայադավ թուրքերեն գրականությունը և հայ-թուրքական գրական կապերը Օսմանյան Թուրքիայում 19-րդ դարում» վերնագրով զեկույցը:

Նրա խոսքով, թուրքական կողմը պահպանում էր «կոռեկտությունը», բայց ողջ գիտաժողովի ընթացքում նրանք տոն էին տալիս ադրբեջանական պատվիրակության ամեն մի քայլին, որն ուղղված էր հայկական պատվիրակությանը վատաբանելուն:
Ինչպես նշեց Հ. Ստեփանյանը, ադրբեջանական պատվիրակության անդամներից մեկն իր զեկույցում նշել է, որ հայ ժողովուրդ գոյություն չի ունեցել, Հայաստան անունով երկիր չի եղել: «Այդ օրերի ընթացքում մենք շատ լարված էինք, նույնիսկ մեզ հետևում էին»,-ավելացրեց պատվիրակության անդամ Հ. Ստեփանյանը:

Նշենք, որ «Իկանաս» գիտաժողովը հիմնադրվել է 1873թ. ֆրանսիացի արևելագետների ջանքերով: Այն նվիրված է գիտության, արվեստի ամենատարբեր հարցերին: Թուրքիայում այս գիտաժողովն անցկացվում էր երկրորդ անգամ:
Placeholder
ԵՐԿՈՒ ՀԱՅ ԿԻՆ ԳԻՏՆԱԿԱՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ