ՀԱՅ ՊՈԵԶԻԱՆ ԻՐԱՆՑԻ ԳՐՈՂԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Մշակույթ
15:39 16/10/2007

ՀԱՅ ՊՈԵԶԻԱՆ ԻՐԱՆՑԻ ԳՐՈՂԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ

«Եթե ուզում ես նկարագրել մի երկրի ու նրա ժողովրդին, ապա պիտի սկսես ճանաչել նրա ապրումները, առօրյա կյանքը, պատմությունն ու գրականությունը»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց իրանցի գրող, հայագետ Ահմադ Նուրիզադէն, ով Հայաստանում է գրողների միության նախագահ Լևոն Անանյանի հրավերով: Նա մասնակցել է «Հայ օտարագիր գրողների» գիտաժողովին և «Թարգմանչած տոնին»:

Հայագետը մեր գրականությունը բաժանում է երեք մասի: Առաջինը, ըստ նրա, ազգասիրական գրականությունն է, որը իրանցիներին այնքան էլ չի հետաքրքրում: Երկրորդը՝ սովետական գրականությունն է, երրորդը՝ գրականության համամարդկային արժեքներ ներկայացնող բաժինը, որն էլ շատ է գրավում Ա. Նուրիզադէին ու հետաքրքրում է իրանցիներին:

Իրանցի գրողը հրատարակել է 30 գրքեր, 6 հազարից ավելի էջեր: Հրատարակել է «Հայ բանաստեղծությունը 100 տարվա ընթացքում» անթոլոգիան, հայ արձակից թարգմանել է Զորյանի, Մահարու, Դեմիրճյանի ու այլոց պատմվածքները, գրել է հետազոտական գիրք հայոց պատմության մասին, հեղինակել է հայերեն «Բարև ձեզ, հայե´ր» և «Մենության գիշեր ու երազանքներ» բանաստեղծությունների ժողովածուները, թարգմանել է Չարենց, Թումանյան, Սիամանթո, Վարուժան: «Իմ թարգմանությունների շնորհիվ, Իրանում հայ գրականությունն ավելի շատ են սիրում ու ճանաչում, քան չինականը: Սակայն ես ընտրությամբ եմ թարգմանում, ոչ ոք ինձ չի կարող պարտադրել թարգմանել այս կամ այն գիրքը, եթե այն ինձ դուր չի եկել»,-նշեց Ա. Նուրիզադէն:

Նշենք, որ նա եղել է քաղաքական լրագրող, ակտիվ մասնակցություն է ունեցել Իրանի քաղաքական կյանքին ու ազատազրկվել է 3 տարով: Իսկ հայերեն սովորել է դեռ մանկուց, իրենց հարևանությամբ ապրող մի հայ կնոջից:
Placeholder
ՀԱՅ ՊՈԵԶԻԱՆ ԻՐԱՆՑԻ ԳՐՈՂԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ