ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱ՞Լ, ԹԵ՞ ԻՍԿԱՊԵՍ ԾՐԱԳՐԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական
14:18 23/10/2007

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱ՞Լ, ԹԵ՞ ԻՍԿԱՊԵՍ ԾՐԱԳՐԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԸ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անհապաղ մեկնումը Հայաստանից դիվանագիտական սկանդալ չի համարում: «Իսկապես տեղի է ունեցել ծրագրերի փոփոխություն: Առավոտյան մենք հանդիպել ենք իրանական պատվիրակության հետ, և ես նրանց փոխարտգործնախարարից իմացել եմ, որ փոխվել են ծրագրերը և իրենք պետք է անհապաղ մեկնեն Իրան»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը: Նրա խոսքերով, ԻԻՀ նախագահը Հայաստանից մեկնել է կեսօրին, բայց մինչ այդ, առավոտյան ժամը 9-ին հանդիպել է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ:

Անհապաղ մեկնման պատճառների մասին Ղարիբջանյանը ոչինչ չհայտնեց, փոխարենը նշեց, որ «իրենք շատ լուրջ փաստարկներով բացատրել են մեկնման պատճառները»: «Ես չեմ կարող դրանք լրագրողներին բացահայտել»,- հավելեց փոխարտգործնախարարը:

Իսկ ընդհանուր առմամբ, նա ԻԻՀ նախագահի այցը հաջողված է համարում: «Լուրջ տնտեսական նախագծերի առնչությամբ բավականաչափ առաջընթաց կա: Կարող եմ նաև որպես Իրանում Հայաստանի նախկին դեսպան ասել, որ գազատարի խնդիրը անցած էտապ է, մենք այժմ խոսում ենք նավթամուղի, երկաթգծի մասին»,- նկատեց Գեղամ Ղարիբջանյանը, վստահեցնելով, որ Իրանի նախագահի ոչ թե մեկ, այլ մի քանի այցեր ապագայում կլինեն:

Նկատենք, որ Իրանի նախագահի անհապաղ մեկնման պատճառով փաստորեն չէին կայացել նրա այցելությունը Ծիծեռնակաբերդ և ելույթը Ազգային ժողովում: Ծիծեռնակաբերդ չայցելելու մեջ Գ. Ղարիբջանյանը միտումնավոր ոչինչ չի տեսնում, և դրան զուգահեռ նա նաև հիշեց, որ Իրանի նախկին նախագահ Մուհամադ Խաթամիին Հայաստան կատարած այցելության ժամանակ նա ուղեկցել է Ծիծեռնակաբերդ, որտեղ ԻԻՀ նախկին նախագահը ծաղկեպսակ է դրել եղեռնի զոհերի հուշահամալիրին:
Placeholder
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱ՞Լ, ԹԵ՞ ԻՍԿԱՊԵՍ ԾՐԱԳՐԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ