ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԲԵԼՈՌՈՒՍՈՒՄ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՎԵԼ
Մշակույթ
16:13 30/10/2007

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԲԵԼՈՌՈՒՍՈՒՄ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՎԵԼ

«Բելոռուսում անցկացված հայ մշակույթի օրերը մեծ հաջողություններ ունեցավ: Այնտեղ մեր արվեստը շատ բարձր գնահատվեց ոչ միայն հայ համայնքի, այլ նաև բելոռուս ժողովրդի կողմից»,-այսօրվա ասուլիսում ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որ գլխավորել էր Բելոռուս մեկնած հայ պատվիրակությունը:

Բազմաժանր և հագեցած ծրագրի շնորհիվ հայ մշակույթը Բելոռուսում ներկայացվել է լիարժեք: Ծրագրում ընդգրկված էին ոչ միայն Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ գործող, այլ նաև ոչ պետական համույթներ և խմբեր: «Հայաստանից ժամանած խմբերին Բելոռուսում միացել է նաև Մինսկի հայ համայնքում գործող «Էրեբունի» պարային խումբը»,-նշեց Հ. Պողոսյանը: Ասուլիսին ներկա Արա Երնջակյանի խոսքով, բոլոր միջոցառումները կազմակերպվոած էին շատ բարձր մակարդակով, իսկ ընդունելությունը ջերմ էր և անկեղծ: Բելոռուսում հայ արվեստը ներկայացրել են Երևանի Կամերային պետական թատրոնը «Կաբարե» ներկայացմամբ, Կոմիտասի անվան կոնսերվատորիային կից Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, «Շողակն» ժողովրդական համույթը: Բելոռուսի պատմության և մշակույթի ազգային թատրոնում բացվել էր Սերգեյ Փարաջանովի աշխատանքների լուսանկարների ցուցահանդեսը:

Մշակութային օրերի ընթացքում Մինսկի Արվեստի և մշակույթի պետական համալսարանում տեղի է ունեցել «Մշակույթների երկխոսություն» միջոցառումը, որի ընթացքում ցուցադրվել Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանին նվիրված Բելոռուսում հրատարակված գրքերը: Մինսկի «Ռակետա» կինոթատրոնում ներկայացվել է կինոռեժիսոր Ս. Փարաջանովի մասին պատմող «Ես մահացել եմ, երբ մանուկ էի» ֆիլմը:

Հայ մշակույթի օրերի շրջանակներում Հ. Պողոսյանը հանդիպել է Բելոռուսի մշակույթի նախարար Վլադիմիր Մատվեյչուկի, Ազգային ժողովի կրթության և մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահի, Բելոռուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի, հայ համայնքի ներկայցուցիչների հետ: Նշենք, որ Բելոռուսում հայ մշակույթի օրերն անցկացվել են հոկտեմբերի 22-28-ը: Հայ մշակույթը ներկայացվել է բելոռուսական մի քանի քաղաքներում` Մինսկ, Բոբրյուսկ, Մոլոդեչնո, Բրեստ:
Placeholder
ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԲԵԼՈՌՈՒՍՈՒՄ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՎԵԼ