ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՉԵՆ ՎՃԱՐԻ
Քաղաքական
18:33 01/11/2007

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՉԵՆ ՎՃԱՐԻ

Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը ուսանողական նոր գույք ձեռք կբերի: Ինչպես հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրն այսօրվա նիստում որոշել է այդ նպատակով աջակցության կարգով իր պահուստային ֆոնդի հաշվին 4 մլն 995 հազար դրամ հատկացրել կրթության և գիտության նախարարությանը:

Մեկ այլ որոշմամբ ևս 1 մլն 990 հազար դրամ է հատկացվել նախարարությանը` «Մարտունու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նիստերի դահլիճի հիմնանորոգման համար:

Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որով առաջարկվում է վերականգնել հիշյալ օրենքում ամրագրված և 2006թ. դեկտեմբերի 25-ին ընդունված օրենքով ուժը կորցրած ճանաչված այն դրույթը, ըստ որի Հայաստանի կրթօջախներում սովորող օտարերկրյա ուսանողներն ազատվում են ՀՀ-ում իրենց կացության հետ կապված փաստաթղթեր տալու, մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար պետական տուրքի վճարումներից: Կառավարությունում կարծում են, որ օրենքի ընդունումը կնպաստի կրթության բնագավառում սովորողների, մանկավարժների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ազատ տեղաշարժման և փորձի փոխանակման ապահովմանը, որը բխում է մեր երկրի կրթության բնագավառում ամրագրված պետական քաղաքականության սկզբունքներից և բոլոնյան գործընթացի բաղադրիչներից:
Placeholder
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՉԵՆ ՎՃԱՐԻ