20-ՐԴ ԴԱՐԻ ՉԱՐԻՔԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՆԱՀԱՆՋԵԼ
Առողջություն
18:30 02/11/2007

20-ՐԴ ԴԱՐԻ ՉԱՐԻՔԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՆԱՀԱՆՋԵԼ

Այս տարվա ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 84 նոր դեպք: 1988թ. մինչև 2007թ. սեպտեմբերի 30-ը հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 513 դեպք: Ըստ ՄԻԱՎ-ՁԻԱՎ-ի վիճակագրական կենտրոնի տվյալների, ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 383 մարդ (74,7%): ՄԻԱՎ վարակի 10 դեպք (1,9%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների զգալի մեծամասնությունը (72,7%) 20-39 տարիքային խմբում է:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակային վերաապահովման բաժնի վարիչ Արշակ Պապոյանը նշեց. «Ընդհանուր առմամբ վերջին տարիներին նկատվում է արձանագրվող դեպքերի թվի աճ: Դա պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ, նաև ՄԻԱՎ-ի նկատմամբ կամավոր խորհրդատվության և հետազոտության համակարգի ստեղծմամբ: Արդյունքում բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը»: ՁԻԱՀ-ից մահվան առաջին դեպքը գրանցվել է 1989-ին: Իսկ 1990-թ.-ին գրանցվել է թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին դեպքը:

Ա. Պապոյանի հավաստմամբ, ներկայումս Հայաստանում իրականացվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման մի շարք միջոցառումներ` համաձայն կառավարության հաստատած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի: Ծրագրի հիմնական նպատակը 2007-2011թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակին արդյունավետ հակազդման ձևավորումն է, որի շրջանակներում իրականացվում են կանխարգելման միջոցառումներ բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում: Նշված խմբերի շրջանում իրականացվում է «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցում, տրամադրվում են ՄԻԱՎ-ի նկատմամբ խորհրդատվություն և հետազոտություն, կանխարգելման միջոցներ, տեղեկատվական/կրթական նյութեր:

Ավելացնեք, որ իրագործվում են վնասի նվազեցման և վարքագծի փոփոխմանն ուղղված ռազմավարություններ: Գլոբալ Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ազգային ծրագրի շրջանակներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին տրամադրվում են հակառետրովիրուսային բուժում, խնամք և սոցիալական աջակցություն, նաև հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն:
Placeholder
20-ՐԴ ԴԱՐԻ ՉԱՐԻՔԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՆԱՀԱՆՋԵԼ