««ԴԻՋԻԹԵՔԸ» ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ»
Տնտեսություն
16:17 02/11/2007

««ԴԻՋԻԹԵՔԸ» ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ»

«ԴիջիԹեք-2007» տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսն ունեցել է 8000 այցելու: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ցուցահանդեսի տնօրեն, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով, այդ թիվն ավելի մեծ կլիներ, եթե եղանակը անձրևոտ չլիներ: Տնօրենի տեղեկացմամբ, իրենք ցուցահանդեսին հրավիրել են 3000 ձեռնարկությունների ղեկավարներ, որոնցից մոտ կեսը մասնակցել է ցուցահանդեսին:

Կ. Վարդանյանը նաև նշեց, որ անկախ հետազոտության արդյունքում պարզվել է, որ այցելուների շուրջ 44 տոկոսը եղել են ուսանողներ, 19 տոկոսը` բիզնես-ղեկավարներ: «Արդյունքները ցույց են տալիս, որ 86 տոկոսը հետաքրքրված է եղել նորագույն տեխնոլոգիաներով, 39 տոկոսը` ինտերնետ ծառայություններով, 37 տոկոս` հեռահաղորդակցությամբ, 33 տոկոսը` ձեռնարկությունների արտադրանքով»,- նշեց Կ. Վարդանյանը:

«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հայաստանյան ներկայացչության տնօրեն Արամ Սալաթյանի խոսքով, ցուցահանդեսը կազմակերպված էր համաշխարհային մակարդակով: «Մեծ նշանակություն ուներ այն փաստը, որ ցուցահանդես էին այցելում դպրոցականներ, ինչը նշանակում է, որ այս ոլորտով հետքրքրվում են և այն ապագա ունի Հայաստանում»,- ասաց նա: «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով, ակնհայտ է, որ «ԴիջիԹեք»-ը տարեցտարի զարգանում է: «Այս տարի հատկանշական էր, որ գերիշխում էին լուծումները: Այսինքն ներկայացված էր բովանդակություն, այլ ոչ թե ձև»,- նշեց Հ. Չոբանյանը: Կ. Վարդանյանի տեղեկացմամբ, ցուցահանդեսի ընթացքում մասնակից ընկերությունները միջին հաշվով ունեցել են 15-25 գործարար առաջարկներ, ինչպես նաև ստորագրվել են գործակցության պայմանագրեր:

Նշենք, որ այս տարի «ԴիջիԹեք»-ին մասնակցել է 43 ընկերություն, ցուցահանդեսում ներկայացված է եղել նաև Հայաստանի կառավարությունը: Առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցել է IBM ընկերությունը: «ԴիջիԹեք»-ի շրջանակներում անց են կացվել «Բիզնես լուծումներ» և «Էլեկտրոնային կառավարում» ֆորումները և «ԴիջիԹեք լայֆ» սեմինարների շարքը: Ցուցահանդեսն անցկացվել է հոկտեմբերի 26-28-ը:
Placeholder
««ԴԻՋԻԹԵՔԸ» ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ»