ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ԼԻՆՈՒՄ ՆԱԽ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՐԵԿԱՐԳԵԼ
Մշակույթ
12:19 13/11/2007

ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ԼԻՆՈՒՄ ՆԱԽ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՐԵԿԱՐԳԵԼ

«Պետական բյուջեից պատմամշակութային հուշարձանների վերականգման և նախագծման համար գումարներ տրամադրվում են սկսած 2004թ.-ից, ինչի արդյունքում տարեկան վերանորոգվում է 12-14 պատմական արժեք ներկայացնող հուշարձան»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարությա պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Արտյոմ Գրիգորյանը: Նրա խոսքով, պետբյուջեից տրամադրվող գումարի չափը տարեցտարի աճում է. 2004թ. այն եղել է 50 մլն. դրամ, 2005թ.` 530 մլն դրամ, 2006թ.` 720 մլն դրամ: «2007թ ավելի քիչ է տրամադրվել` 660 մլն դրամ, իսկ 2008թ. մասին ոչ մի բան չեմ կարող ասել, բացի նրանից, որ նվազել է»,-ասաց Ա. Գրիգորյանը:

Փաստորեն մշակութային հուշարձաններ տանող ճանապարհների բարեկարգման համար առանձին գումար չի տրամադրվում: «Հուշարձանների համար նախատեսված գումարից որոշ մաս հատկացվում է ճանապարհների վերականգմանը, քանի որ հուշարձաններ շինանյութ տեղափոխելու հետ խնդիրներ ունեինք` ճանապարհներն անմխիթար վիճակում են, անանցանելի: Ճանապարհները ոչ թե ասֆալտապատվում են, այլ ծածկվում են գրունտային հողով: Հետագայում գուցե դրանք նաև կասֆալտապատվեն, ինչը կնպաստի տուրիզմի զարգացմանը»,-նշեց նա:

Ա. Գրիգորյանի խոսքով, բացի պետբյուջեից, գումարներ են տրամադրում նաև տարբեր հասարակական կազմակերպություններ, բարեգործական ֆոնդեր ու անհատներ: «Մենք ամեն տարի մոնիտորինգի ենք ենթարկում հուշարձանները, և դրանց միջից ընտրում ենք ամենավատ վիճակում գտնվողները»,-ասաց նա:
Այս տարվա ընթացքում վերակառուցվել են Աղջկա բերդ, Հովհանավանք, Սմբատավանք և այլ պատմամշակութային հուշարձաններ տանող ճանապարհները: «Այս տարվա բյուջեից տրամադրված գումարից միայն 15 մլն դրամ հատկացվել է Քոբայրավանք տանող ճանապարհների վերանորոգմանը: Բավականին վատ վիճակում գտնվող Քոբայրավանքը կարիք ուներ վերանորոգման, իսկ այնտեղ հասնելու համար նախ և առաջ պետք է ճանապարհ բացել»,-ավելացրեց Ա. Գրիգորյանը:

Այս տարում վերակառուցվել են13 հուշարձան` Բջնու ամրոցը, Ոսկեվազի եկեղեցին, Սմբատաբերդը, Վահանավանքը, Հնեվանքը, Դաշտադեմը և այլն: Հաջորդ տարվա ընթացքում նախատեսված է վերակառուցել 10 պատմամշակութային հուշարձան` Թեղենյանց վանքը, Ցաղաց քարը, Քարակոփի վանքը և ուրիշներ:
Placeholder
ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ԼԻՆՈՒՄ ՆԱԽ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՐԵԿԱՐԳԵԼ