«ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԾԽԵԼ»
Առողջություն
17:57 16/11/2007

«ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԾԽԵԼ»

Հանրապետությունում գրանցվել է ծխող տղամարդկանց թվի 3-4 տոկոս նվազեցում: Իսկ ծխող կանանց ցուցանիշն անցյալ տարվա համեմատ չի փոխվել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տվյալներ հրապարակեց ԱՆ Հակածխախոտային ծրագրի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը: Նրա խոսքով Համաշխարհային բանկի աշխատանքային խմբի անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամենօրյա ծխողների թիվը 60%-ից նվազել է` հասնելով 53-54 տոկոսի: «Չնայած փոփոխությունն ահռելի չէ, բայց հուսադրող է այն փաստը, որ քաղաքացիները սկսել են գիտակցել, ծխելը վնասակար է առողջությանը»,-ասաց Ա. Բազարչյանը:

Ըստ ծրագրի ղեկավարի, կա որոշակի տարիքային խումբ, որում շատ հստակ երևում է մարզերի և մայրաքաղաքի ծխող հասարակության տարբերությունը: Օրինակ, 55-64 տարիքային խմբի կանանց շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ մարաքաղաքում ծխում է այդ թիրախային խմբի 7-8%-ը, իսկ մարզերում այդ ցուցանիշը կազմում է 1 կամ 2%: Ակտիվություն է նկատվում նաև 24-35 տարեկանների մոտ:

Նշենք, որ ամեն տարի ԱՄՆ-ում նոյեմբերի երրորդ չորեքշաբթին նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի օր: 2003 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդունել է ծխախոտի դեմ պայքարի Կոնվենցիան, որում ներառված է ավելի քան 90 երկիր, այդ թվում և Հայաստանը: Իսկ մայիսի 31-ին նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը:

Մեր երկրում գործող հասարակական կազմակերպությունները մի քանի տարի առաջ գրավոր դիմել են կառավարությանը, որպեսզի հոկտեմբերի 12-ը Հայաստանում նշվի որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:


Placeholder
«ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԾԽԵԼ»