ԹՎԱՅՆԱՑՎԵԼ Է 85 ՁԵՌԱԳԻՐ
Մշակույթ
17:55 28/11/2007

ԹՎԱՅՆԱՑՎԵԼ Է 85 ՁԵՌԱԳԻՐ

«Այս տարի բեյրութահայ Պիեռ Գույումջյանի նվիրած սարքի միջոցով արդեն թվայնացվել է 85 ձեռագիր, իսկ հաջորդ տարի նախատեսված է թվայնացնել 800-ը»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մատենադարանի տնօրենի` նոր տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերով խորհրդական Գուրգեն Գասպարյանը:

Մատենադարանն այժմ ունի մեկ թվայնացող սարք, իսկ երկրորդը ձեռք բերելու համար առաջիկայում ավստրիական «Գրաց» համալսարանի հետ ստորագրվելու է պայմանագիր: Այդ համալսարանը մասնագիտացած է ձեռագրերի թվայնացման գործում:
«Այժմ Մատենադարանում պահվում է 17.000 ձեռագիր, որոնց թվայնացման համար, այս մեկ սարքով, անհրաժեշտ կլինի 50 տարի: Սակայն նոր սարքեր ձեռք բերելու դեպքում մեր աշխատանքները կարագանան, կստեղծվեն նաև աշխատատեղեր, իսկ դրա համար հարկավոր է պետական մոտեցում»,-ասաց Գ. Գասպարյանը:

Ձեռագրերի թվայնացումը նպատակ ունի պահպանել և պրոպագանդել ազգային արժեքները: «Թվայնացումից հետո գիտական ուսումնասիրությունները մի քանի անգամ հեշտանում են, ստեղծվելու են ազգային արժեքների կատալոգներ, որոնց միջոցով աշխարհը կիմանա` ինչ ունենք մենք, քանի որ Մատենադարանում ոչ միայն հայ մշակույթի հետ կապված նյութեր կան, այլ եվրոպական աշխարհին առնչվող մի շարք գրքեր, որոնք վերաբերում են և հին աշխարհի, և նոր աշխարհի պատմությանը»,-ասաց նա: Մատենադարանի աշխատակիցների կարծիքով, ձեռագրերի թվայնացումն և ինտերնետում հայտնվելը կգովազդի հայ ժողովրդի ստեղծած մշակութային արժեքները: «Թվայնացումն ընդամենը տեխնոլոգիա է, որի միջոցով մենք պահպանելու ու ներկայացնելու ենք մեր մշակույթն աշխարհին»,-ասաց Գ. Գասպարյանը:

Ի դեպ, Հայաստանի ազգային արխիվը ևս բանակցություններ է վարում ֆրանսիական և գերմանական ընկերությունների հետ փաստաթղթերի թվայնացման համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ:




Placeholder
ԹՎԱՅՆԱՑՎԵԼ Է 85 ՁԵՌԱԳԻՐ