ԿԱՆԱՅՔ ՄՐՑՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՀԵՏ
Մշակույթ
17:14 07/12/2007

ԿԱՆԱՅՔ ՄՐՑՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՀԵՏ

«Կին» միջազգային փառատոնը նպատակ ունի վերաիմաստավորել կնոջ տեղն ու դերը հասարակության մեջ, շփվել գեղարվեստական արժեք ներկայացնող արվեստի` կինոյի հետ, կրթել ու դաստիարակել նաև ֆիլմերի միջոցով»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչ, համակարգող Նարինե Ջրբաշյանը:

Նրա խոսքով, այս փառատոնը կանանց համար ստեղծում է մթնոլորտ և ինքնաարտահայտման դաշտ, որտեղ հնարավոր է համագործակցությունը:

«Փառատոնի մրցութային ծրագրում մասնակցում են միայն կին ռեժիսորներ, իսկ հյուրերի ծրագրում` և´ կանայք, և´ տղամարդիկ»,-ասաց Ն. Ջրբաշյանը: Հյուրերի ծրագրում ներկայացվելու են Իսրայելից, Մոնղոլիայից, Ռուսաստանից ժամանած ռեժիսորների ֆիլմեր:

Փառատոնում ներկայացվելու են 17 երկրից 43 ֆիլմ, որոնցից 22-ը` մրցութային ծրագրում: «Մենք ունենք հատուկ մրցանակ, գլխավոր մրցանակ, իսկ ժյուրիի կողմից շնորհվելու են դիպլոմներ»,-նշեց Ն. Ջրբաշյանը:

Մրցութային ծրագրում ներկայացվելու են կարճամետրաժ, լիամետրաժ, վավերագիական, գեղարվեստական, անիմացիոն ֆիլմեր:
Ն. Ջրբաշյանը կարևորեց այն փաստը, որ տարածաշրջանում միայն Հայաստանում է անցկացվում նման փառատոն:

Նշենք, որ «Կին» միջազգային 4-րդ փառատոնը մեկնարկել է դեկտեմբերի 5-ին ու շարունակվելու է մինչև դեկտեմբերի 9-ը: Կինոները ցուցադրվում են Տիկնիկային թատրոնի շենքում: Փառատոնի կազմակերպիչն է «Լիզա» հիմնադրամը, իսկ գլխավոր հովանավորն է «Բաց հասարակության ինստիտուտի» հայաստանյան մասնաճյուղը:
Placeholder
ԿԱՆԱՅՔ ՄՐՑՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՀԵՏ