ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑԻՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ. 2 ՕՐ ՀԱՆԳԻՍՏ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
Կրթություն, գիտություն
13:32 18/12/2007

ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑԻՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ. 2 ՕՐ ՀԱՆԳԻՍՏ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ 2006-07 ուսումնական տարվա ընթացքում միջազգային օլիմպիադաների և հանրապետական առարկայական օլիմպիադաների հանրակրթական դպրոցների հաղթող աշակերտների և թիմերի ուսուցիչների նվերների հանձնման արարողությունը:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ 2006-07 ուսումնական տարվա ընթացքում միջազգային օլիմպիադաներին մասնակցել է հանրակրթական դպրոցների 30 աշակերտ: Արդյունքում մաթեմատիկայից ունենք 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր, քիմիա առարկայից` 2 արծաթե, 2 բրոնզե մեդալ, 1 գովասանագիր, ֆիզիկայից` 1 բրոնզե մեդալ, 1 գովասանագիր, ինֆորմատիկայից` 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր, աստղագիտություն առարկայից` 1 երկրորդ կարգի դիպլոմ, բնագիտություն առարկայից ` 2 երրորդ կարգի դիպլոմ, 4 պատվոգիր: Նախարարը տեղեկացրեց, որ միջազգային օլիմպիադիայի հաղթողներին ու պարգևատրվածներին նախարարությունը 2 օրվա ուղղեգիր է տրամադրել Աղվերանում հանգստանալու համար:

2008-09թ նախատեսվում է, որ մեր աշակերտները կմասնակցեն կենսաբանության միջազգային օլիմպիադային: Լ. Մկրտչյանի խոսքով, 2006-07 ուսումնական տարվա ընթացքում հանրապետական առարկայական օլիմպիադաներին մասնակցել է 1020 աշակերտ, որից 46 աշակերտ պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմներով, իսկ շուրջ 180 աշակերտ` երկրորդ և երորդ կարգի դիպլոմներով: Հանրապետական օլիմպիադաներ անցկացվել են հանրակրթական 14 առարկաներից: «Մեր համար այսօր շատ կարևոր է հանրակրթական դպրոցների որակի բարձրացումը, իսկ այս հաղթանակները ապացուցում են, որ մենք, իրոք, այսօր ունենք որակյալ դպրոցներ, սակայն անհրաժեշտ է դրանց թիվը մեծացնել, ինչն այսօր նախարարության ռազմավարությունն է»,- հավելեց նա: 

ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ հատկանշական է, որ այս միջոցառումը իրականացվում է ԳԱԱ-ում, քանի որ այսօրվա օլիմպիադայի հաղթողները վաղվա մեր գիտնականները գուցե լինեն: «Այսօր հասարակությունը պետք է գնահատի գիտությունը և գիտաշխատողի դերը, քանի որ մենք գնում ենք դեպի զարգացում, որը պետք է հիմնված լինի գիտելիքի վրա»,-ասաց ԳԱԱ նախագահը:
Placeholder
ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑԻՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ. 2 ՕՐ ՀԱՆԳԻՍՏ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ