ԳԱՌԶՈՒԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
Մշակույթ
18:31 20/12/2007

ԳԱՌԶՈՒԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Այսօր Ազգային պատկերասրահում ֆրանսիահայ հայտնի նկարիչ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) ծննդյան 100-ամյակի առթիվ կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ հիմնականում ներկայացված էին նրա գրքային նկարազարդումները: «Դասական հիմքի վրա կառուցված նրա խորհրդապաշտական արվեստը ձգվում է իրականության և երազի սահմաններում, ներառում է իր մեջ սիմվոլիկ պատկերացումներ»,-ցուցահանդեսի բացման խոսքում ասաց Ազգային պատկերասրահի փորագրության բաժնի վարիչ Նունե Թադևոսյանը: Ինչպես նշեց նա, Գառզուն ոչ միայն գեղանկարիչ էր, այլ նաև գրաֆիկ, բեմանկարիչ: Ցուցահանդեսում ներկայացված է մոտ 50 կտավ, այդ թվում Ա. Մորուայի «Ֆրանսիա», Է. Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» գրքերի նկարազարդումները:

Նշենք, որ Գառզուն ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ ոչ միայն Ֆրանսիայում, այլև Հայաստանում: Առաջին անհատական ցուցահանդեսը Երևանում անցկացվել է 1966թ., որի ժամանակ ցուցադրված 150 գրաֆիկական աշխատանքները նա նվիրել է Ազգային պատկերասրահին:

Գառզուի արվեստի գլխավոր արտահայտչամիջոցը հանդիսանում է գիծը: Առաջին հայացքից նրա պատկերները գծերի խուրձ են թվում, բայց պարզորոշ երևում է, որ գծերի այդ հյուսվածքը քաղաք է, շենք, մարդկային կերպարանք: Գառզուի պատկերները հիշեցնում են փոթորկոտ ծով:

Գառզուի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսներ արդեն կազմակերպվել էին Ազգային գրադարանում, Ազգային արխիվում:
Placeholder
ԳԱՌԶՈՒԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ