Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի անդամ, վրացական պառլամենտի պատգամավոր Ելենա Տևդորաձեն վրացական «Մզե» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, իբր ԵԵԽՎ պառլամենտական ասամբլեայի ձմեռային նիստի ժամանակ հայկական կողմը պահանջել է քննարկել Վրաստանում տարածքային հակամարտությունները, ինչպես նաև պահանջել է քննարկման ժամանակ Աբխազիայի և Հարավային Օսիայի դե-ֆակտո նախագահներ Սերգեյ Բագապշի և Էդուարդ Կոկոյտի ներկայությունը:
Այս առնչությամբ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, մոնիթորինգային հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարում է. «Նախ` Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ ձմեռային նիստի ժամանակ հայկական պատվիրակությունը` Վրաստանի տարածքային հակամարտությունների քննարկման մասին երբեք ոչինչ չի պահանջել: Իրականում Փարիզում անցկացվում էր ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստը, իսկ օրակարգի հարցերից մեկն էլ հանձնաժողովի գործունեության շարունակությունն էր «սառեցված» հակամարտությունների ուղղությամբ` հաշվի առնելով 2007 թվականի Բեռլինյան համաժողովի դրական գնահատականի հանգամանքը: Մասնավորապես քննարկվում էր պարբերական լսումների կազմակերպման հարցը` նվիրված Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Պրեդնեստրովայի կոնֆլիկտների խաղաղ կարգավորմանը:
Երկրորդը` փաստաթղթի նախագծում, որը պատրաստել էր հանձնաժողովի քարտուղարությունը, կար դրույթ այն մասին, որ հանձնաժողովը կարող է քննարկել հակամարտության խաղաղ կարգավորմամբ շահագրգիռ կողմերի` ներգրավման նպատակահարմարությունը, այդ թվում` հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայկական կողմը համաձայնել է այս մոտեցմանը, հաստատելով, որ կողմերի հրավերը լսումներին նպատակահարմար է, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ նրանց մասնակցությունը լսումներին կնպաստի բանակցությունների արդյունավետությանը և վստահության և միմյանց հասկանալու մթնոլորտ կստեղծի:
Ի զարմանս և ափսոսանք ինձ, իմ կողմից արտահայտված մոտեցումը անճանաչելիորեն փոխվել և խեղաթյուրվել է տիկին Տևդորաձեի կողմից: Կարծում եմ նման խեղաթյուրումները չեն գտնվում կառուցողական հունի մեջ և չեն համապատասխանում մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններին»: