ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԻՑ ՄԱԿ-Ն ՈՒԶՈՒՄ Է ԲԱՑԻԿՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼ
Մշակույթ
12:02 22/12/2007

ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԻՑ ՄԱԿ-Ն ՈՒԶՈՒՄ Է ԲԱՑԻԿՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼ

Հռոմում «Հայ մշակույթի օրերը» միջոցառումների շրջանակներում ցուցադրվել է Գեղագիտության ազգային կենտրոնի սաների աշխատանքները: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր գրասենյակի ղեկավարությունը դիմել է Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանին` երեխաների նկարներից Ծննդյան և Զատիկի տոներին նվիրված բացիկներ պատրաստելու խնդրանքով:

Ինչպես հայտնեցին արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, FAO գլխավոր գրասենյակի շենքում կազմակերպվել է Հենրիկ Իգիթյանի Գեղագիտության ազգային կենտրոնի սաների աստվածաշնչային թեմաներով աշխատանքներ ցուցադրությունը` «Եղիցի լույս» խորագրով: Բացմանը ներկա են եղել Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը, Իտալիայում և FAO-ում հավատարմագրված դեսպաններ, մշտական ներկայացուցիչներ և լրագրողներ: Ցուցահանդեսն առ այսօր մեծ հաջողություն ունի, որն ամեն օր այցելում են Հռոմի դպրոցների աշակերտները:

Նշենք, որ Իտալիայում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում Հռոմի Castel S.Angelo հնադարյան ամրոցում բացվել է «Հայաստանի գույներ» խորագրով երեք ցուցահանդես` Փարաջանովի գործերը, ժամանակակից արվեստի և երիտասարդ հայ մանրանկարիչ Հայկ Գրիգորյանի գործերը: Թանգարանի ղեկավարությունն արդեն ցանկություն է հայտնել գալ Երևան` հայ ժամանակակից արվեստագենտների գործեր ձեռք բերել` իտալական ժամանակակից արվեստի թանգարանների մշտական ցուցադրությունների համար:
Հիշեցնենք, որ Իտալիայում հայ մշակույթի օրերը շարունակվելու են մինչև հաջորդ տարվա մայիս:

Placeholder
ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԻՑ ՄԱԿ-Ն ՈՒԶՈՒՄ Է ԲԱՑԻԿՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼ