ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ... ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ
Կրթություն, գիտություն
13:50 25/12/2007

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ... ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ

«Այս տարվա ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ արդեն 2-րդ տարին է, ինչ նախարարությունը կարողանում է իր բոլոր ծրագրերն իրականացնել ժամանակացույցին համապատասխան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Հաջորդ կարևոր ձեռքբերումը, նախարարի գնահատականով, Կրթության ազգային ծրագրի մշակումն է: Այն շուրջ 5 ամիս գտնվում է մշակման փուլում: «Փորձելու ենք վերջնական տարբերակը ներկայացնել կառավարություն իբրև հայեցակարգ և նշել մինչև 2015 թ. գերակայությունները»,-հավելեց Լ. Մկրտչյանը:

Նրա խոսքով, սա այն փաստաթղթերից մեկը կլինի, որը գուցե ունենա բարելավման, բայց ոչ փոփոխման կարիք: «Ամենամեծ ձեռքբերումն այն է, որ այժմ կառուցված է մի համակարգ և ի վերջո կարող ենք դրա վրա զարգացնել և բարելավել մեր կրթական համակարգը»,- ընդգծեց նախարարը:

ԿԳ նախարարության հիմնական նպատակն է, որ Հայաստանը դառնա տարածաշրջանային նշանակության գիտական տարածք, և նախարարի վստահեցմամբ, դրան հասնելու համար ամեն ինչ արվում է:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին, նախարարը մատնացույց արեց նախադպրոցական կրթությունը: Նա խոստովանեց, որ վերջին 15 տարիների ընթացքում առավել քիչ ուշադրություն է դարձվել հենց այս խնդիրներին: «Բյուջետային ֆինանասավորում այս ոլորտում չկա: Այն գտնվում է տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո, և բավականին բարդ էր
տեսնել և իրականացնել այդ ոլորտի վերականգնման ծրագրերը»,- ասաց նա:

Ի դեպ, Լ. Մկրտչյանի խոսքով, նախարարությունը ոլորտի վերաբերյալ մշակել և կառավարությանն է ներկայացրել հայեցակարգ: Նա հայտնեց, որ հայցակարգը կհաստատվի հունվարի սկզբին:

Placeholder
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ... ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ