ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋ` ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄՆԵՐ ՇՈՒՇԻԻՑ, ԵՐԵՎԱՆԻՑ, ՄՈՍԿՎԱՅԻՑ, ԲԵԹՂԵՀԵՄԻՑ
Մշակույթ
15:29 16/01/2008

ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋ` ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄՆԵՐ ՇՈՒՇԻԻՑ, ԵՐԵՎԱՆԻՑ, ՄՈՍԿՎԱՅԻՑ, ԲԵԹՂԵՀԵՄԻՑ

«Շուշի» վերածնունդ հիմնադրամի կազմակերպած հեռուստակամուրջի ընթացքում ուղիղ միացումներ կլինեն Երևանի քաղաքապետարանից, Շուշիից, Բեթղեհեմից, Մոսկվայից»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շուշի վերածնունդ հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Մարինա Գրիգորյանը: Նա նշեց, այն կտևի 4-4.5 ժամ, որի հիմնական տաղավարը կլինի հանրային հեռուստատեսության շենքում:

«Հեռուստակամուրջի շրջանակներում ներկայացվելու են տեսանյութեր Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, ցուցադրվելու են բազմաթիվ տեսանյութեր Շուշիի անցյալից, այն դերի և նշանակության մասին, որ ունեցել է այդ քաղաքը հայ ժողովրդի կյանքում, կներկայացվի միակ պահպանված հայկական բերդաքաղաքի ներկա վիճակը»,-ասաց Մ. Գրիգորյանը:

Նա ներկայացրեց, որ Մոսկվայից հեռուստակամուրջին կմիանա Հայաստանի դեսպանատունը, որտեղ հավաքված կլինեն հայ համայնքի ներկայացուցիչները և կխոսեն Ռուսաստանի հայ համայնքի հնարավոր մասնակցության մասին Շուշիի վերականգման ծրագրերին: «Շուշիից մենք կմիանանք Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն, Երևանի քաղաքապետարանին, ուղիղ եթերում կարող ենք դիտել Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարից սուրբ ծննդյանը նվիրված արարողությունը»,-մանրամասնեց նա:

Մ. Գրիգորյանի խոսքով, հեռուստակամուրջն անցկացվում է առաջին անգամ, և այն դրամահավաք չի հետապնդում: «Հեռուստակամուրջի հիմնական նպատակն է վերաիմաստավորել սուրբ ծնունդի գաղափարը, և հայությանը հիշեցնել Շուշիի վերակառուցման կարևորությունը»,-նշեց նա:

Նշենք, որ հեռուստակամուրջն ուղիղ եթերով հեռարձակվելու է հանրային հեռուստաընկերությամբ հունվարի 18-ին` «Հայլուրի» հիմնական թողարկումից անմիջապես հետո:
Placeholder