ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԻՐԱՆ Է ՀԱՍԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ 3-ՐԴ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ
Քաղաքական
11:20 18/01/2008

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԻՐԱՆ Է ՀԱՍԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ 3-ՐԴ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ

Իրանում «Բուշեր» ատոմակայանի համար վառելիքի երրորդ խմբաքանակը Ռուսաստանից արդեն տեղ է հասել: Նշենք, որ Բուշերի ատոմակայանը կառուցվում է ռուս մասնագետների օժանդակությամբ: Ինչպես հայտնել է իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը, վառելիքի երրորդ խմբաքանակը կազմում է 11 տոննա, իսկ մյուս հինգ խմբաքանակները Բուշերի ԱԷԿ կհասնեն հաստատված ժամանակացուցյի համաձայն:

Ռուսական «Ատոմշինէքսպորտ» ընկերության ղեկավար Սերգեյ Շմատկոն նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարել էր, որ Բուշերի ատոմակայանը կգործարկվի 2008 թվականի վերջին, իսկ Իրանի ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքին էլ իր հերթին նշել էր, որ մինչ 2008 թվականի ամառ այն կկարողանա աշխատել իր 50 տոկոս հզորությամբ:

Ատոմակայանի համար Ռուսաստանից վառելիքի ներկրումը իրականացվում է ռուս-իրանական համաձայնագրի համաձայն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` «ՄԱԳԱՏԷ»-ի վերահսկողության ներքո:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ Իրանը չպետք է սովորի ուրան հարստացնելուն, եթե միջուկային վառելիքը մատակարարվում է Ռուսաստանից: Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեին իր հերթին հայտարարել է, որ Իրանը կշարունակի ուրանի հարստացումը, հետագայում կառուցվելիք ատոմակայաններին միջուկային վառելիքով ապահովելու համար:
Placeholder
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԻՐԱՆ Է ՀԱՍԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ 3-ՐԴ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ