ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ. ԽԱՇԹԱՌԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈՒԺԿԵՏԸ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ
Առողջություն
12:37 30/01/2008

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ. ԽԱՇԹԱՌԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈՒԺԿԵՏԸ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ

Այս տարի գարնանը կվերանորոգվի Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի բուժկետը: Շենքում կտեղադրվի նոր ջեռուցման համակարգ, կվերանորոգվի հատակը և տանիքը: Վերանորոգումը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գյուղական զարգացման ծրագրի շրջանակներում: Հիմնադրամի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, Խաշթառակ համայնքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գյուղական զարգացման ծրագրի փորձնական միկրոշրջանում ընդգրկված վեց գյուղերից մեկն է:

Վերանորոգված բուժկետը ծառայելու է միկրոշրջանի բոլոր համայնքներին: Այժմ երկհարկանի շինության միայն մեկ սենյակն է օգտագործվում, իսկ բուժանձնակազմը բաղկացած է մեկ բժշկից: Ներկայիս պայմաններում բժիշկը չի կարող արդյունավետ աշխատել, քանի որ համայնքի բնակիչներին սպասարկում է չջեռուցվող տարածքում:

Առողջապահության աջակցության ծրագրի շրջանակներում բուժկետը ստացել է որոշ քանակությամբ սարքավորումներ, սակայն դրանք հնարավոր չէ օգտագործել շենքի վատ պայմանների պատճառով: Արդյունքում անհրաժեշտության դեպքում համայնքի բնակիչները պետք է սեփական միջոցներով հասնեն Իջևանի հիվանդանոց: Իրադրությունը նույնն է նաև Խաշթառակի միկրոշրջանի մյուս հինգ համայնքներում:

Նշենք, որ այս ծրագիրը կյանքի կկոչվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդեռլանդների տեղական մարմնի ջանքերի շնորհիվ:
Placeholder
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ. ԽԱՇԹԱՌԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈՒԺԿԵՏԸ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ