ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵՐԺ ՉՈՒՐՈՒՔԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Տնտեսություն
19:15 31/01/2008

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵՐԺ ՉՈՒՐՈՒՔԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Այսօր Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկի` ֆրանսիական «ԱլկաՏել-Լյուսենտ» ընկերության նախագահ Սերժ Չուրուքին և «Նայթսբրիջ» հոլդինգի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին: Այս մասին հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետի հետ նրանք խոսել են Հայաստանում փոխշահավետ գործունեություն ծավալելու` «ԱլկաՏել-Լյուսենտ» ընկերության մտադրությունների և նաև տարածաշրջանային առումով հետաքրքրություն ներկայացնող հեռանկարային ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանը ողջունել է այդ մտադրությունները, ընդգծելով, որ Հայաստանի համար մրցակցային առավելությունը համայն հայության միացյալ ներուժն է, և «մենք կարող ենք զարգացնել մեր տնտեսությունն ու մեր երկիրը` առաջին հերթին լիարժեքորեն օգտագործելով մեր ժողովրդի ներուժը, օգտվելով տարիների մեծ փորձ և հեղինակություն ունեցող «ԱլկաՏել»-ի նման ընկերությունների հնարավորություններից ու առաջարկներից»:

«ԱլկաՏել-Լյուսենտ» ընկերության նախագահ Սերժ Չուրուքը նշել է, թե ուրախ է Հայաստանի վարչապետի հետ կրկին հանդիպելու հնարավորության համար և բավականին ջերմ հիշողություններ ունի վերջին անգամ Փարիզում նրա հետ հանդիպումից: Ըստ Ս.Չուրուքի, վերջին տարիներին Հայաստանը տնտեսական նշանակալի աճ է արձանագրել, ինչն ակներև է նաև օտարերկրյա այցելուների համար և դա կարող է փաստել իր օրինակով. «Աշխարհում բարձր տեխնոլոգիաները գնալով երկրների համախառն ներքին արդյունքում մեծացնում են իրենց տեսակարար կշիռը: Հայաստանը ներկայումս մեծ հնարավորություններ ունի հաջողություններ գրանցելու այդ ոլորտում, և անհրաժեշտ է առավելագույնս օգտվել առկա հնարավորություններից»,- նշել է «ԱլկաՏել» ընկերության նախագահը:

Զրուցակիցները, առաջավոր տեխնոլոգիաներից բացի, մեր երկրի համար հեռանկարային են համարել նաև ֆինանսական շուկայի զարգացումը:
Placeholder
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵՐԺ ՉՈՒՐՈՒՔԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ