ԱՅՍ ՏԱՐԻ ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ ՀՐԱՏԱՐԿՎԵԼՈՒ Է 120 ԱՆՈՒՆ ԳԻՐՔ
Մշակույթ
13:52 02/02/2008

ԱՅՍ ՏԱՐԻ ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ ՀՐԱՏԱՐԿՎԵԼՈՒ Է 120 ԱՆՈՒՆ ԳԻՐՔ

Այս տարվա ընթացքում պետպատվերով հրատարակվելու է 120 անուն գիրք, որի համար հատկացվել է 135 մլն դրամ: Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի վարչության պետ Էդուարդ Միլիտոնյանը:
«Հրատարակվող գրքերի ցանկը կազմվել է մշակույթի նախարարությանը կից գործող հանձնաժողովի կողմից: Հրատարակվող գրքերը մի քանի բաժիններից են բաղկացած` մանկական, գիտահանրամատչելի, թատերագիտական, հոբելյանական, թարգմանական, երաժշտագիտական և այլն»,-ասաց Է. Միլիտոնյանը: Նրա խոսքով, մանկական բաժնում լինելու են ճանաչողական գրականություն, ժամանակակից մանկագիրների ստեղծագործություններ, խաղ-գրքեր և այլն: «Այս տարի կարևոր մի նոր ուղղություն է ավելացել` երաժշտագիտական: Երաժշտական գրականությունն այսօրվա պայմաններում շատ կարևոր է: Օրեցօր աճող անճաշակությունն ազդում է ընդհանուր գեղարվեստական ճաշակի վրա, այդ պատճառով կարևոր է ներկայացնել մեր ժողովրդի երաժշտական ժառանգությունը»,-նշեց Է. Միլիտոնյանը:

Այս տարի առանձին բաժնով հրատարկվելու է սփյուռքահայ գրականություն, Հայաստանում բնակվող փոքրամասնություններից` քրդերին վերաբերող երկու գիրք, մշակութաբանական գրքեր: «Թարգմանությունների բաժնում ոչ միայն լինելու են հայերեն թարգմանված գրականություն, այլ նաև` հայերենից այլ լեզուներով թարգմանված»,-նշեց նա:
Է. Միլիտոնյանի խոսքով, 2008թ. ընթացքում հայ գիրքը ներկայացվելու է մի քանի միջազգային ցուցահանդեսներում: «Փետրվարի 6-ին հայկական գիրքը ներկայացվելու է Բելոռուսում կայացող գրքի փառատոնում, սեպտեմբերին` Մոսկվայում, իսկ հոկտեմբերին` Ֆրանկֆուրտում»,- տեղեկացրեց բանախոսը:
Placeholder
ԱՅՍ ՏԱՐԻ ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ ՀՐԱՏԱՐԿՎԵԼՈՒ Է 120 ԱՆՈՒՆ ԳԻՐՔ