ՀԱՅ ՄԵՆԵՐԳԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՊԱՎԵԼ ԼԻՍԻՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԱՐԻՏՈՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ
Մշակույթ
11:49 05/02/2008

ՀԱՅ ՄԵՆԵՐԳԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՊԱՎԵԼ ԼԻՍԻՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԱՐԻՏՈՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչներ Գևորգ Հակոբյանն ու Դավիթ Բաբայանցը մասնակցում են Պավել Լիսիցյանի անվան բարիտոնների միջազգային առաջին մրցույթին: «Հայ մեներգիչները մրցույթին մասնակցում են մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը:

Պավել Լիսիցյանի անվան բարիտոնների միջազգային առաջին մրցույթի բացման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 3-ին: Վիճակահանության արդյունքներով առաջին փուլում հանդես կգան 37 երգիչներ 12 երկրներից: Ռուսաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղստանը, Հայաստանը, Տաջիկստանը, Ուկրաինան, Չինաստանը, Կորեայի Հանրապետությունը, Հունգարիան և ԱՄՆ-ն ներկայացնող մասնակիցները պայքարելու են 10 հազար դոլար Գրան-պրիի և 2008-09 թթ. Մեծ թատրոնի ներկայացմանը մասնակցելու իրավունքի համար:

Մրցույթի առաջին և երկրորդ փուլերի լսումները տեղի է ունեցել երեկ և այսօր` Պավել Սլոբոդկինի թատերահամերգային կենտրոնում, իսկ եզրափակիչ փուլը և մրցանակակիրների Գալա-համերգը տեղի կունենա փետրվարի 7-ին` Ռուսաստանի պետական ակադեմիական մեծ թատրոնում:
Ինչպես նշել են կազմակերպիչները, այս մրցույթի յուրահատկությունը կայանում է նրանում, որ տարիքային սահմանափակում չկա` 21 տարեկանից սկսած բոլոր ցանկացողները կարող են մասնակցել:
Միջազգային ժյուրին ղեկավարում է աշխարհի հայտնի բարիտոն, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, «Կովեն Գարդեն» և «Մետրոպոլիտեն» օպերայի մեներգիչ Սերգեյ Պեյֆերկուսը, իսկ նրա տեղակալ է նշանակվել անվանի երգչի դուստրը` հայտնի երգչուհի Կարինա Լիսիցյանը:
Placeholder
ՀԱՅ ՄԵՆԵՐԳԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՊԱՎԵԼ ԼԻՍԻՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԱՐԻՏՈՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ