ՕԴԵՍԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԷԿՈԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ
Կրթություն, գիտություն
18:24 05/02/2008

ՕԴԵՍԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԷԿՈԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ

Այսօր Օդեսայում մեկնարկել է «Սևծովյան տարածաշրջանի էկոլոգիական ասպեկտները» խորագրով միջազգային կոնֆերանսը: Այն կազմակերպել են Վայրի բնության համաշխարհային ֆոնդը և Հայնրիխ Բյոլլի հիմնադրամը: Այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Կոնֆերանսի ժամանակ քննարկվելու են Սևծովյան տարածաշրջանում տրանսպորտի, էներգետիկայի ու անվտանգության հետ կապված բնապահպանական խնդիրներ:

Ներկայումս, փորձագետների կարծիքով, Սևծովյան տարածաշրջանը Եվրոմիության աշխարհաքաղաքական հետաքրքրության կենտրոնում է, քանի որ Ռուսաստանից ու Կասպից ծովից նավթի ու գազի մատակարարումն իրականացվում է Սև ծովի միջոցով: Այսպիսով, ԵՄ-ի արևելյան սահմանի հետ համագործակցության խորացումը հանդիսանում է ԵՄ բարիդրացիական քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը:

Կոնֆերանսի ավարտին ծրագրվում է ընդունել բանաձև, որը կարտահայտի Սև ծովի բնապահպանական խնդիրների վերաբերյալ ոչ կառավարական հասարակական կազմակերպությունների տեսակետները: Այն կքննարկվի փետրվարի 14-ին Կիևում կայանալիք «Սևծովյան համագործակցություն» պաշտոնական հանդիպման մասնակիցների կողմից: Հիշեցնենք, որ այդ օրը Կիևում հանդիպում է կայանալու ԵՄ և ՍՏՀ անդամ երկրների արտգործնախարարների միջև:

Նշենք, որ կոնֆերանսին մասնակցում են, Սևծովյան ավազանի, Բելգիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Ադրբեջանի, Մոլդովայի ու Հայաստանի բնապահպանական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Placeholder
ՕԴԵՍԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԷԿՈԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ