Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանի առողջապահական հաստատությունների օպտիմալացման ծրագրի շրջանակում քաղաքապետարանի «Շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոց», «N6 բուժմիավորում», «Սուրբ Աստվածամայր ծննդատուն», «18 պոլիկլինիկա», «N9 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունները միավորվել և ստեղծվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանի հավաստմամբ, կլինիկաների միավորման արդյունքում ազատվել են միայն «N6 բուժմիավորման» երկու շենքերը: «Կառավարության որոշմամբ, շենքերից մեկը հանձնվել է ֆիզիկական, մյուսը` իրավաբանական անձի: Շենքերից մեկում նախատեսվում է բացել պլաստիկ վիրաբուժության կենտրոն, իսկ մյուս շենքում կգործի բազմապրոֆիլ հիվանդանոց»,-նշեց Ա. Սողոյանը:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը հագեցվել է նոր սարքավորումներով, իրականացվել են վերանորոգման աշխատանքներ` կառավարության կողմից (առողջապահության ԾԻԳ) Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով, որի ներդրումային ծրագիրը կազմում է 1 մլրդ 55 մլն դրամ գումար:
Նշենք, որ կլինիկաների միավորման արդյունքում բուժաշխատակազմի անդամներից ոչ ոք աշխատանքից չի հեռացվել: Աղբյուրի հաղորդմամբ, 2007թ. ավարտվել են բժշկական կենտրոնի հիմնական մասնաշենքի վնասվածքաբանության, մեծահասակների վիրաբուժական, նյարդաբանական և թերապիայի բաժանմունքների վերանորոգման աշխատանքները: Ներկայումս ավարտվել են 18 մահճակալ հզորությամբ, շուրջ 700 քմ տարածքով վերակենդանացման բաժանմունքի հիմնովին վերանորոգման և ձևավորման աշխատանքները:
Ավելացնենք, որ նախորդ տարվա ընթացքում վերակենդանացման բաժանմունքում բուժվել է 1100 հիվանդ, այդ թվում նորածիններ` գանգուղեղի, կրծքավանդակի և որովայնի օրգանների բնածին արատներով և ձեռքբերովի հիվանդություններով: