ԶԳՈՒՇԱՑԵՔ. ԽՐՈՆԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՐՎԵԼՈՒ ԵՆ
Առողջություն
12:33 18/02/2008

ԶԳՈՒՇԱՑԵՔ. ԽՐՈՆԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՐՎԵԼՈՒ ԵՆ

«Երևան քաղաքի բնակչության 82 տոկոսը առողջության պահպանման առաջնային ծառայություններ ստանում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող առողջապահական կազմակերպությունների կողմից, մնացած մասը սպասարկվում են մասնավոր և համալսարանական պոլիկլինիկաններում»,-այսօր հերթական ճեպազրույցի ժամանակ ասաց քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Արմեն Սողոյանը: Վարչության պետը նշեց, որ բնակիչները հատկապես ուշադիր պետք է լինեն խրոնիկ հիվանդությունների նկատմամբ, քանի որ նրա հավաստմամբ, գարնան սկզբին դրանք սրվում են:

Ա. Սողոյանն այսօր նաև անդրադարձավ վարչության գործառույթներում ընդգրկված կազմակերպություններին: Ըստ նրա, սոցիալական հարցերով վարչության գործառույթները հիմնականում վերահսկողական բնույթ են կրում: «Ինչպես արդեն հայտնի է, սոցիալական ծառայության տարածքային գործակալություններն ընդգրկված են թաղային համայնքների ստրուկտուրաներում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներն են ու կոչվում են սոցիալական ծառայության տարածքային բաժիններ»,-պարզաբանեց վարչության պետը:

Ա. Սողոյանն անդրադառնալով առողջապահության ոլորտին նշեց, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գործում են 4 բազմապրոֆիլ բժշկական կենտրոններ: Այս կենտրոնները ձևավորվել են 2004 թվականին: Իրենց մեջ ներառում են ստացիոնարներ, ծննդատներ և պոլիկլինիկաներ: Բացի այդ քաղաքապետարանի վերահսկողության տակ են գործում նաև երեք մոնապրոֆիլ բժշկական ընկերություններ՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը, սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը և քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսերը: «Սրտաբանության իստիտուտը միակն է ամբողջ հանրապետությունում, իսկ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն ունի տարածաշրջանային նշանակություն ու տարածաշրջանում միակն է»,-նշեց Ա. Սողոյանը:
Բացի այդ, քաղաքապետարանի ենթակայության ներքո են գործում նաև «Շտապօգնություն»-ը, էնդոկրին դիսպանսերը և 16 պոլիկլինիկա, որոնցից 8-ը նախատեսված է մեծահասակների ու փոքրերի համար, 7-ը՝ միայն մեծահասարների, իսկ մեկը մանկական է:
Placeholder
ԶԳՈՒՇԱՑԵՔ. ԽՐՈՆԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՐՎԵԼՈՒ ԵՆ