CRJ-100-Ի ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ԴՈՒՐՍ ԿԳՐՎԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ
Առողջություն
15:07 21/02/2008

CRJ-100-Ի ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ԴՈՒՐՍ ԿԳՐՎԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ

«Բելավիա» ընկեության պատկանող օդանավի վթարից հետո «Հայաստան» բժշկական կենտրոն տեղափոխված ուղևորների վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին Panorama.am-ին հայտնեց վերջիններիս բուժող բժիշկ Կարեն Նահապետյանը:
Նրա խոսքով, նյարդավիրաբուժական բաժին ընդունված հինգ ուղևորների բուժումը շարունակվում է, բայց մի քանի օրից նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից: Իսկ դիմածնոտային բաժանմունքում գտնվող ուղևորը արդեն տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժին:

Կ. Նահապետյանը նաև հայտնեց, որ Վրաստանի քաղաքացի Ստեփան Երիցյանը փետրվարի 18-ին հաջող վիրահատության է ենթարկվել: Ընդգծենք, որ նա հիվանդանոց էր ընդունվել գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ, իսկ հետագայում նա կույրաղիքի խնդիր էր ունեցել:
Հիշեցնենք, որ «Բելավիա» ավիաընկերությանը պատկանող օդանավը վթարի էր ենթարկվել փետրվարի 14-ի գիշերը` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: CRJ-100LR օդանավը պոկվելով թռիչքուղուց թեքվել էր ձախ թևի վրա, հարվածել գետնին ու շուռ եկել:
Օդանավում գտնվել են 18 ուղևոր և անձնակազմի 3 անդամ: Ուղևորները հանդիսացել են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի քաղաքացիներ: Նրանցից 8-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Հայաստան» բժշկական կենտրոն:
Placeholder
CRJ-100-Ի ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ԴՈՒՐՍ ԿԳՐՎԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ